Արցախում ծխախոտագործության ծավալը գալիք տարում կկրկնապատկվի

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի ենթաշրջանում ծխախոտագործության ոլորտում ձեռքբերված հաջողություններին և ի հայտ եկած խնդիրներին: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների, ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ՝ Ա. Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու ընթացիկ տարում արձանագրված խնդիրների լուծման ուղիները և Մարտունի քաղաքի շրջակայքում այդ ճյուղի հետագա զարգացման հնարավորությունները:

Ըստ զեկուցումների՝ 2014թ. Արցախում մշակվել է ծխախոտի շուրջ 100 հեկտար դաշտ, որի միջին բերքատվությունը համեմատաբար ցածր էր՝ պայմանավորված գլխավորապես երաշտային եղանակով: Վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցության ձեռք է մեկնելու այս տարվա ընթացքում կորուստներ կրած ծխախոտագործներին, որպեսզի նրանք հաջորդ տարի ևս ի վիճակի լինեն զբաղվել այդ կուլտուրայի մշակմամբ:

Ա. Հարությունյանը, կարևորելով նշյալ ճյուղի նշանակությունն նաև աշխատատեղերի ստեղծման գործում, հայտարարել է ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ կառավարության և «Մասիս տոբակո» ընկերության ծրագրերի մասին: Ըստ պայմանավորվածության՝ Մարտունի քաղաքում կառուցվելու է ծխախոտի մթերման կայան, իսկ դաշտերի ընդհանուր ծավալը կհասցվի շուրջ 200 հեկտարի:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Մարտունու սակավաջուր շրջանում ոռոգման հուսալի ցանց ձևավորելու մանրամասները:

Այդ կապակցությամբ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է արտեզյան որոշ հին հորերի վերականգնման, ինչպես նաև մի քանի նոր հորերի հատման նախագծեր: Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ այդ հարցը կառավարության հոգածության ներքո է, և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի շրջանի ոռոգման ջրի խնդիրը:

Նրա խոսքով՝ արտեզյան հորերի կայուն ցանցի վերականգնումը նշանակալի խթան կհանդիսանա թե՛ ծխախոտագործության, թե՛ այգեգործության զարգացման համար:

Վերջում վարչապետ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաքում կառուցվող նոր թաղամասի շինհարթակ՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին: 4 նոր շենքերի բնակարանները բաշխվելու են թե՛ պետպատվերի շրջանակներում, թե՛ հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

Տեսանյութեր

Լրահոս