Ոստիկանապետի հրահանգով վարորդներին կտուգանեն միայն ամենածայրահեղ դեպքերում

Տույժի կիրառումն արդարացված կարող է լինել միայն ամենածայրահեղ դեպքում. ԼՂՀ ոստիկանապետ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մանրամասն վերլուծելով ճանապարհապարեկային ծառայության գործունեությունը` ոստիկանության պետը պահանջեց արդար եւ սկզբունքային գտնվել քաղաքացիների հանդեպ։

«Երթեւեկության կանոնների խախտում կատարած անձին սկզբից զգուշացրեք ու նոր միայն, խախտումը կրկնվելու դեպքում, ենթարկեք տուգանքի։ Ես ձեզանից չեմ պահանջել ու երբեւէ չեմ էլ պահանջելու վարչական տույժի ենթարկել մեր համերկրացիներին: Տույժի կիրառումը արդարացված կարող է լինել միայն ամենածայրահեղ դեպքում, երբ նկատում եք, որ տրանսպորտային միջոց վարող վարորդը քամահրական վերաբերմունք է դրսեւորում երթեւեկության կանոնների նկատմամբ եւ իրական վտանգ է ստեղծում ոչ միայն իր կյանքի ու առողջության, այլեւ երթեւեկության մասնակիցների համար:

Մնացած բոլոր դեպքերում բացատրեք, պարզաբանեք եւ օգնեք քաղաքացիներին` հատուկ վերաբերմունքի արժանացնելով տարեց վարորդներին եւ զինծառայողներին։ Միայն օրենքի առաջ հավասարության սկզբունքի անշեղ ապահովմամբ եւ ժողովրդին անձնվեր ծառայելով կարող ենք հասնել հասարակության լիարժեք վստահությանը» – եզրափակեց ոստիկանության պետը։

Տեսանյութեր

Լրահոս