Կառավարության օրինագծերը տապալվեցին Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովում աննախադեպ իրավիճակ էր. ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերը, որ գրեթե առանց բացառության ընդունվում էին ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծամասնություն լինելու հետևանքով, այսօրվա արտահերթ նիստում դրանցից 2-ը չհավաքեցին անհրաժեշտ քանակով ձայներ և չընդունվեցին: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվեց ՕԵԿ-ը՝ 20 րոպե ընդմիջում վերցնելով և կոչ անելով գործընկերներին դեմ քվեարկել: Արդյունքում օրինագիծը ստացավ 61 կողմ՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն, ու մերժվեց: «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը ևս մերժվեց՝ ստանալով ընդամենը 57 կողմ ձայն: ԲՀԿ-ն ընդհանրապես բոյկոտեց քվեարկությունը:
Կառավարության նախագծերի այս տապալումն ընդունվեց ծափերով: «Երբեմն պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- փորձեց կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: