
Կրակոցներ` Երեւանում. թիրախը «Բագրատուր» ընկերության գրասենյակն էր. pastinfo.am

Հերթական կրակոցներն են հնչել Երեւանի կենտրոնում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` «Բագրատուր» ՍՊ ընկերությանը պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ են արձակվել 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով:
Գրասենյակի դիմաց գտնվող սալիկապատ մայթեզրի հատվածում՝ գետնի վրա հայտնաբերվել են երկու հատ պարկուճ և նույն տրամաչափի երկու փամփուշտներ: Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաեւ տնօրենի աշխատասենյակում, մանսնավորապես վնասվել է աշխատասենյակի մետաղոպլաստե ապակյա հատվածը, իսկ գրասենյակի նախասրահի պատի մեջ՝ մխրճված գնդակ:
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին կրակոցների հանգամանքը` նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: «Նախաքննության ընթացքում դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար կոնկրետ հանձնարարություն է տրվել ոստիկանության բաժնին, այդ թվում նաև դեպքի վայրը և դրան հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները ձեռք բերելու համար», – հայտնեցին քննչական կոմիտեից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: