Վաղվանից զինված ուժերը նոր, ավելի տաք ձմեռային համազգեստ կունենան. mediamax.am
mediamax.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ից Հայաստանի Զինված ուժերի անձնակազմը նոր նմուշի ձմեռային համազգեստի կանցնի:
ՀՀ Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանի փոխանցմամբ, նոր համազգեստը պաշտպանության նախարարի հանձնարարականով մշակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության կողմից:
«Այն արտաքինով չի տարբերվում ներկայիս ձմեռային համազգեստից, բայց մի շարք առավելություններ ունի»,- ասել է նա:
Նոր համազգեստում փոխվել է ձմեռային վերարկուի տաքացնող շերտը: Այն պատված է սինտեպոնով եւ երկու կողմից մշակված մեմբրանային տեսակի կտորով, ինչն արգելում է ցրտի ներթափանցումը: Վահան Պապյանը նշում է, որ դա երաշխավորում է գրեթե 100% ջերմաապահովություն:
Համազգեստի ներսում տեղադրված է քամուց պաշտպանող էլաստիկ ժապավենով գոտի, որը եւս խոչընդոտում է սառը օդի ներթափանցմանը: Ձմեռային վերարկուի թեւքերը մշակված են տրիկոտաժե մանժետներով, իսկ բթամատի համար հատուկ տեղ է թողված, որը ցուրտ կլիմայական պայմաներում կարող է կիսատ ձեռնոց դառնալ` տաք պահելով ձեռքի առաջամասը: Համազգեստն ունի նաեւ ոչ ջրանցիկ կտորից մշակված գլխանոց, որը հնարավոր է օգտագործել քամու, անձրեւի եւ ձյան ժամանակ` զինծառայողին պաշտպանելով արտաքին ազդեցությունից: Վերարկուի գրպանները ներսից պատված են տաք կտորով` գրպանում գտնվող ձեռքը տաք պահելու համար:
Փոխգնդապետը վստահեցրել է`«սինտեպոնի հիմքով համազգեստն ավելի թեթեւ է եւ տաք: Այն կարող է մինչեւ 40 աստիճան ցրտի պայմաններում պահել մարդու մարմնի ջերմաստիճանը»:
Նոր համազգեստի տաբատը նույնպես մշակված է սինտեպոնով եւ հատուկ աստառով: Այն Զինված ուժերում կրելու են բոլորը` շարքային, պայմանագրային, ինչպես նաեւ սպայական կազմը: Համազգեստը կտարբերվի միայն հատուկ տարբերանշաններով, որոնք կամրացվեն հենց այդ նպատակով հատկացված հատվածում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: