Եպիսկոպոսական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան են ստացել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Նոյեմբերի 15-ին, Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության արարողությունը, որի ընթացքում Հայր Սուրբերը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը վերահաստատելով, ստորագրեցին իրենց երդմնագրերը:
Նոյեմբերի 16-ին Հայրապետական Ս. Պատարագն սկսվել է Մայր Տաճարի Ս. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ կատարվեց նաև ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։
Այնուհետև ապագա եպիսկոպոսների արժանավորության մասին Ամենայն Հայոց Հայրապետի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Ս. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:
Որպես առընթերականեր` Նորին Սրբությանը սպասավորել են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ընծայացուների խարտավիլակն էր Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
«Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:
Այնուհետև շարականներին, քաղված սաղմոսներին և առ Աստված ուղղված աղոթքներին հաջորդել է օծման հանդիսավոր պահը: Մայր Տաճարի մկրտության ավազանից թափորով բերված Սրբալույս Մյուռոնով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Նարեկ, Աբգար և Վարդան վարդապետներին, օծել է նրանց ճակատներն և աջ ձեռքերի բութ մատները:
Ձեռնադրության և օծման արարողության ավարտին եպիսկոպոսներին հանձնվել եին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններն ու մատանիները:
Այս բերկրալից առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա բարեպաշտ ժողովրդին:
Նորին Սրբությունը, Ս. Պատարագին մասնակից ուխտավորներին ներկայացնելով ձեռնադրյալ եպիսկոպոսներին, վերջիններիս բարեմաղթել է. «Սիրելի Սրբազաններ, Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, գործեք և ծառայեք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և ձեր ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերին հավելեք նորանոր ձեռքբերումներ: …Մաղթում ենք, որ մարգարեական նախանձախնդրությամբ, առաքելական հաստատակամությամբ, Տիրոջ խոսքը մատռվակող ավետարանիչների քաջալերությամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշավիղ օրինակով միշտ փութեռանդ իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հավետ շեն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարությամբ սփոփյալ` սրտերն ու հոգիները հավատավոր Մեր սիրելի զավակների, և նոր ձեռքբերումներով ու իրագործումներով զարդարվի ազգային, հոգևոր-եկեղեցական առաջընթացը հանուր աշխարհասփյուռ հայության:
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Երկնավոր Տիրոջ կողմից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ հիմնադրված, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի հաստատած Հայ Եկեղեցին, որը փրկության տապանն է համայն հայության, պայծառացյալ պահեք ձեր կորովի ծառայագործությամբ: Այլև հայցում ենք, որ Փրկիչ մեր Տերը զորակից և աջակից լինի ձեզ` անսայթաք ընթանալու տերունապատվեր ծառայության շավիղներով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ նոր հաջողություններ հավելելու մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների ձեր վաստակին»:
Հայրապետական պատգամից հետո բոլոր եկեղեցականները բարձրացել են Սուրբ խորան` համբուրելու նորաօծների աջը և նրանցից ստանալու առաջին եպիսկոպոսական «Ողջույնը»: Ս. Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կանչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:
Ձեռնադրության արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, Բրազիլիայի և Կանադայի հայոց թեմերի թեմական խորհուրդների և եկեղեցականաց դասի ներկայացուցիչներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, ՔԴԿ և «Էօրնեկյան հանրակրթական դպրոցի» աշխատակիցներ և սաներ, ձեռնադրյալների բարեկամներ և բազում ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսների կողմից Մայր Տաճարում կմատուցվեն ուխտի պատարագներ: