Բաժիններ՝

ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում. «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը` ՍԴ որոշման եւ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ.

2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ Նոյեմբերի 14֊-ին ընդամենը 15 րոպե տևած նիստում այդ ծավալուն փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Սահմանադրական Դատարանի կայացրած հապճեպ որոշումը խորացնում է հանրության անվստահությունը դատական այդ ատյանի նկատմամբ եւ ընկալվում որպես ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքականությանը կուրորեն սատարելու ակտ։ Առանց պատշաճ հրապարակային քննարկումների` Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից այդ փաստաթղթի վավերացումը հղի է մի շարք վտանգներով.

.սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով եւ փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո, ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթակներում։ Որպես հետեւանք, իրատեսական են դառնում երկրի քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված տարրական իրավունքներից ` խոսքի, խղճի, մտքի ազատությունից զրկվելու միտումը: Այդ իրավունքները սահմանափակելու մասին Հայաստանում ՌԴ դեսպանատնից հնչող պաշտոնական «հորդորները» որպես ակնհայտ սպառնալիք արդեն իսկ իրականացան նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան ոստիկանական ուժերի ներգրավմամբ ճնշելու միջոցով:

.ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները` որպես այդ երկրի կայսերապաշտական հավակնությունները զսպելու մեխանիզմ: Դա հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի` երկիրը հայաթափելու հեռանկարով:

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների եւ հիմնական կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու եւ «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը և կոչ անում ՀՀ քաղաքացիներին Ազգային Ժողովից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս