Ես մեղավոր եմ, տարեք ինձ 100 տարի դատեք, սպանեք. Վարորդը շոկային վիճակում է. NEWS.am
Նոյեմբերի 13-ին Լիանա Բալյանը ներգրավվել է որպես Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով բեռնատարի վարորդ, մեղադրյալ Մանվել Վարդանյանի փաստաբան:
Թե ինչու էր Մանվել Վարդանյանը սկզբնապես հրաժարվում փաստաբանից, Լիանա Բալյանն ասաց, որ այդ երեք օրերի ընթացքում նա հարազատների հետ կապ չի ունեցել, թույլ չեն տվել անգամ հեռախոսով խոսել, ինքն էլ մտածել է, թե ընտանիքը, գտնվելով նյութական վատ վիճակում, չի կարողանա իր համար փաստաբան վերցնել, մինչդեռ հարազատներն արդեն փաստաբան գտել էին: Մանվել Վարդանյանը ունի երեք երեխա, ավագը 24 տարեկան է, կրտսերը՝ 8, նա ընտանիքի միակ կերակրող ձեռքն էր:
Լիանա Բալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բուն վթարի մասին ոչինչ չի ցանկանում հայտնել, քանի դեռ չկան փորձաքննությունների պատասխանները: Փաստաբանը միայն նշեց, որ Մանվել Վարդանյանը եղել է սթափ վիճակում, գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Լիանա Բալյանը նկատեց, որ նախաքննական մարմինը շտապել է՝ որոշելով, թե ով է մեղավոր, քանի դեռ չկան փորձաքննությունների պատասխանները, շտապ եզրակացություններ անել պետք չէ: Կբողոքարկեն նրան կալանավորելու որոշումը, թե ոչ, դեռ հայտնի չէ, այդ հարցը կքննարկեն հարազատների հետ:
Նրան այժմ անհանգստացնում է իր պաշտպանյալի առողջական եւ հոգեկան վիճակը: Փաստաբանը միջնորդություններ է ներկայացնելու, որպեսզի իր պաշտպանյալին «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխեն «Դատապարատյալների հիվանդանոց», ցուցաբերեն դատահոգեբանական, բժշկական օգնություն: «Իր գլուխը վնասվել է, շատ վատ, շոկային վիճակում է, անընդհատ դողացնում է: Նոյեմբերի 10-ին՝ հենց դեպքի օրը, նրան մինչեւ 23.50 հարցաքննել են, ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» են կանչել: Իրեն հարցաքննել են մինչեւ իմ ներգրավվելը, ինքը միայն անընդհատ կրկնում է, որ ես մեղավոր եմ, տարեք ինձ 100 տարի դատեք, սպանեք, ինչ ուզում եք, արեք, ուշքի չի գալիս տեղի ունեցածից»,-փոխանցեց փաստաբանը՝ հավելելով, որ Մանվել Վարդանյանը իր ցուցմունքում հայտնել է նաեւ, որ «Գազելը» մեծ արագությամբ էր ընթանում եւ եկել հարվածել է իր բեռնատարին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: