Նախախորհրդարանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից հայկական բանակի ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ
Նախախորհրդարանը ցավակցում է ադրբեջանական զինուժի խոցած հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների հարազատներին ու մերձավորներին և ամբողջ հայ ժողովրդին, ինչպես նաև իր զորակցությունն է հայտնում հայկական բանակին՝ մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության միակ երաշխավորին:
Ադրբեջանական կողմից մեր բանակի ուղղաթիռի խոցումն ահազանգում է տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխությունների մեկնարկի մասին, ինչը տեղի է ունենում հայկական կողմի դերի ու դիրքի նսեմացման պայմաններում:
Այս միջադեպը վկայում է այն մասին, որ ըստ էության փորձ է արվում ավարտին հասցնել զգալիորեն թուլացած հայկական գործոնի զրոյացումը, ինչի նպատակով որպես թիրախ է ընտրվել այսօրվա հայկական պետականության միակ և վերջին պատվարը՝ ազգային բանակը:
Նման աղետալի ընթացքը հղի է Արցախի և մեր պետականության կորստի, ինչպես նաև հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման վտանգով:
Այս աղետալի իրավիճակից դուրս գալու համար օր առաջ հարկավոր է արմատական քայլեր ձեռնարկել մեր պետությունը միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտի վերածելու և ըստ այդմ նրան ներքին վերակազմավորման ենթարկելու նպատակով:
Մինչդեռ հայաստանյան ապազգային քաղաքական-դիվանագիտական վերնախավը դրա փոխարեն հանձնում է մեր ինքնիշխանությունը և ներսից քայքայում է պետությունը, ինչն էլ իր հերթին անմիջական բացասական ազդեցություն է ունենում ազգային անվտանգության ոլորտում՝ հայության համար ստեղծելով գոյութենական մարտահրավերներ:
Այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին հեռացնել և պատասխանատվության ենթարկել գործող քաղաքական-դիվանագիտական վերնախավին, այնուհետև ժողովրդի կամքն արտահայտող քաղաքական ուժերով և բանակի հրամանատարական կազմի առողջ մասով միասնաբար լծվել ինքնիշխան և հզոր պետության կառուցման գործին:
Մենք ենք տերը մեր երկրի:
13.11.2014 թ.