
ԲՀԿ-ն հարց չունի

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է կառավարությանը հարցեր տալու համար հերթագրվելու մասին, ԲՀԿ խմբակցությանը հատկացված տեղերը գրեթե դատարկ են եղել: Գրեթե, որովհետև ներկա է եղել միայն ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, ով կառավարությանը հարց չունենալու պատճառով` չի գրանցվել:
ԲՀԿ-ականների նման անտարբերությունն առավել ակնառու է դառնում համեմատության մեջ. ընդամենը 6 ամիս առաջ, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նրանք ոչ միայն հարցախեղդ էին անում կառավարությանը, այլ պահանջում էին, որ Տիգրան Սարգսյանը մտնի մոտակա ոստիկանական բաժին և ինքնախոստովանական ցուցմունքով հանձնվի իրավապահ մարմիններին: Չնայած հնարավոր է, որ ԲՀԿ-ականները ոչ թե դադարել են դժգոհել կառավարության գործունեությունից, այլ հարցուպատասխանի ժամանակ զբաղված էին ավելի կարևոր գործով. Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների հետ բանակցություններին նախապատրաստվելով: