Էդուարդ Հովհաննիսյանը՝ Գյումրիի վթարի մասին. Վթարը եղել է արդեն մութ ժամանակ, և այդ նշաններն անտեսանելի են եղել
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ամբողջ աշխարհում կախված է երեք բաղադրիչից` ավտոմեքենա, վարորդ և ճանապարհ, այսինքն` վարորդի գիտելիքները, վարելու հմտությունները, ճանապարհի որակը և տվյալ մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը: Մեզ մոտ այս երեք բաղադրիչներն էլ ապահովված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնհ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` մենք չունենք այնպիսի համալիր մի կառույց, որն իր վրա կվերցներ ճանապարհային երթևեկության կազմակերպումը. «Ես չգիտեմ` աշխարհում մի տեղ էլի կա՞, որտեղ տեխնիկական զննման գումարը վերցնեն, բայց զննություն չանցկացնեն:
Մենք, իհարկե, գիտենք, թե դա ինչի համար է արվում, այդ տեխզննման կտրոնները տվողները գտնվում են թաղապետարաններում, իսկ այդ գումարը, պարզվում է, գնում է Տրանսպորտի նախարարություն. մի անհասկանալի իրավիճակ»:
Անդրադառնալով վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառներին` Է. Հովհաննիսյանն ասաց, որ եթե Վարդան Պետրոսյանի հայտնի վթարի ժամանակ ընդհանրապես չկար որևէ ճանապարհային նշան, ապա այս դեպքում եղել է, բայց այնքան անտեսանելի, որ հանգեցրել է նման ողբերգական պատահարի.
«Կա նշան, բայց վթարը եղել է արդեն մութ ժամանակ, և այդ նշաններն անտեսանելի են եղել: Գիտեք, նշանները ոչ թե վարորդը պետք է ման գա և գտնի, այլ պետք է այնքան ակնհայտ տեսանելի լինի, որ վարորդին կասկած չհարուցի: Ամեն դեպքում տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ում վրա կընկնի ամբողջ մեղքը` չնայած որ մեղավորություն կա բոլոր կողմերի գործողություններում էլ»: