
Թե ինչպես պատժվեց թուրք գիտնականը՝ նախագահին հանդուգն հարց տալու համար

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը, երբ 2013-ի մայիսի 31-ին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում ելույթ էր ունենում Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի մասին, համալսարանում աշխատող թուրք հետազոտող Էմրահ Ալթընդըշը նրան հարցնում է. «Թուրքիայում մարդկանց են սպանում, ինչպե°ս եք դուք գիշերները քնում»:
Այդ ժամանակ Թուրքիայում Գեզի զբոսայգու համար սկսված բնապահպանական ցույցերը վերածվել էին լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի, երկրի գրեթե բոլոր նահանգներում բողոքի միջոցառումներ էին ու բախումներ, զանգավածային անկարգություն և փողոցային մարտեր:
Գյուլին ուղղած այդ հարցից հետո Ալթընդիշի կյանքն ու կարիերան տակնուվրա եղան, այդօրինակ հարցը ճակատագրական եղավ նրա համար: Ալթընդիշը թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին պատմել է իր գլխով անցածը: Այդ օրվանից հետո նա շարունակ սպառնալիքներ պարոնակոց նամակներ է ստացել անհայտ անձանցից: Հետո Հարվարդի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նամակ է ուղարկվել այն մասին, թե իբր Ալթընդիշը կապեր ունի ապօրինի կազմակերպությունների, ինչի հետևանքով երիտասարդ թուրք գիտնականը կորցրել է աշխատանքը: Նրա տեղեկացմամբ` իր դեմ կազմվել է 19 էջանոց զրպարտագիր, որը կազմել է ամենայն հմտությամբ: Մեծ ջանքերի գնով հետո Ալթընդիշը կարողացել է ապացուցել իր անմեղությունը և կարողացել աշխատանքի անցնել Հարվարդի համալսարանին կից լաբորատորիաներից մեկում:
Ermenihaber.am