Բաժիններ՝

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը… Հարցազրույց Արա Գյուլերի հետ

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

– Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ…

– Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք:

– Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս:

– Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:

– Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն:

– Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը:

– Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի – թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր: Եթե նույնիսկ տեսարան կա, տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:

– Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա:

– Հոս իմ տունս է:

– Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, Ձեր ձկնորսների լուսանկարն է:

– Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել:

– Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս:

– Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա:

Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս…

– Հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն:

– Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս

– Չգիտեմ:

– Կա, կա..

– Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ:

– Այ այդ մեկը պատահած չէ:

– Ստամբուլից հետո ձեր սիրած քաղա՞քը:

– Փարիզը:

– Սիրո քաղաքը:

– Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը, կանաչ է, կապույտը՝ կապույտ:

– Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք:

– Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեցեղիներու նկարները քաշած եմ:

– Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է:

– Հա, գիտեմ:

– Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում:

– Չեմ եղեր:

– Աշխարհում ամենագեղեցիկն է, ինձ համար համենայնդեպս: Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան:

– Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ: (ծիծաղում է:)

– Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել:

– Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել:

Պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:

– Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

– Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է:

– Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: (ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը)

– Հայրենիքը… ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:

– Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի:

– Նկարել են ինձ:

– Հավանո՞ւմ եք:

(ուսերն է թոթվում)

Վերջում մակագրում է իր գիրքը նվիրում ինձ:

– Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ:

– Կգամ, անպայման կգամ:

Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց…

Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ
Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս