
7 միլիոն դրամի տուգանք՝ 110%-անոց զեղչ խոստանալու համար

Նախորդ ամանորյա տոներին տոներին կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութների ցանցը գնումներ կատարելիս սպառողներին խոստացել էր մինչև 110% զեղչ: Տնտեսվարողի կողմից անիրական և կեղծ զեղչ հայտարարելու համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում հաստատվել էր, որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն։ Խախտման համար նշանակվել էր տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:
Ընկերությունը, համաձայն չլինելով որոշման հետ, այն բողոքարկել էր դատական կարգով։ Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ ՏՄՊՊ հանձնաժողովի մերժվել է:
ՏՄՊՊՀ որոշումը մնացել է ուժի մեջ: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե: