Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Առողջապահության նախարարին

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների և պետությունների միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների և ընդլայնվող գործակցության համար: Վեհափառ Հայրապետն արդյունավետ համագործակցության համար իր մասնավոր գնահատանքը փոխանցեց ՌԴ և ՀՀ Առողջապահության նախարարներին ու նրանց պաշտոնեությանը` կարևորելով առողջապահության ոլորտում ի նպաստ բնակչության իրականացվող բոլոր ծրագրերն ու ներդրվող ջանքերը:

Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից առողջապահության ոլորտում իրականացվող գործունեությունը:
Իր հերթին ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` միաժամանակ անդրադառնալով ձևավորվող համագործակցության հեռանկարներին:
Զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գանահատանքը բերեց նաև պատվիրակության կազմում ընդգրկված հայտնի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին` 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին բերած օգտակար ծառայության համար:

Վերջում Հայոց Հայրապետը մաղթեց, որ իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս