Նավարայի խորհրդարանի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբին և ԵՄ-ին
Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։
Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար և ողջունվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։
Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և Լեռնային Ղարաբաղի նախագահին ու խորհրդարանին:
Հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ.
Հիշեցնենք, որ Խոսնակների խորհուրդը խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։