Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն արդեն ավանդական բնույթ են կրում՝ վերածվելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերին վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական լուծում պահանջող խնդիրների քննարկման արդյունավետ հարթակի: Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել է գյուղական համայնքների ղեկավարների հետ մեկտեղ տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն այս համաժողովներին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն միմյանց հետ շփվելու, փորձի փոխանակում իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում: Վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգը բավական հագեցած է.ընդգրկված են տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված ինչպես ինստիտուցիոնալ ուղղվածության թեմաներ, այնպես էլ համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների մատուցման ծավալի մեծացմանն ու արդյունավետության բարձրացմանը միտված խնդիրներ։
«Այդ շարքում ես կառանձնացնեի վարչատարածքային բարեփոխումներին, դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուտների կատարելագործման, տեղական ընտրությունների անցկացման, ավագանիների լիարժեք գործունեության ապահովման մեխանիզմների ներդրման, համայնքներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմներին և վարչական հսկողությանն առնչվող խնդիրները։
Համաժողովի օրակարգը շահեկան է նաև գործնական բնույթի խնդիրների քննարկման առումով: Մասնավորապես, կառանձնացնեի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագիրը, արդեն իսկ կոնկրետ նկարագրություն ու ֆինանսական պատկեր ունեցող Կոտայքի և Գեղարքունիքի մարզային ծրագրերը, որոնց համար, ի դեպ, Հայաստանի կառավարությունը բանակցում է՝ շահեկան պայմաններով վարկային և դրամաշնորհային ռեսուրսներ ներգրավելու համար»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ նման ծրագրային նախագծեր մշակվում են նաև Լոռու և Տավուշի մարզերի համար։
Օգտվելով առիթից, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել համաժողովին ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ՀՀ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության գործունեության գերակա ուղղություններից է, և այս ոլորտը գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում: Դրա վկայությունն այն բազմաթիվ ծրագրերն են, որոնք կոչված են օժանդակելու այս ճյուղի առաջանցիկ զարգացմանը։ Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության, արոտների, անտառների կառավարման, գյուղացիական տնտեսությունների ձևավորման, կոոպերատիվների հիմնման ու գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին նվիրված աշխատանքային քննարկումները։
«Այստեղ է, որ ցանկանում եմ ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր դերակատարությունը։ Կազմակերպչական, նախաձեռնողական քայլերի շնորհիվ կարելի է ապահովել որոշակի տեղական նշանակության կարևոր արդյունքներ։ Մենք արդեն գրանցել ենք շոշափելի արդյունքներ ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների ու գյուղմթերքի վերամշակման փոքր հզորությունների ստեղծման գործում:
Դրանք լավ և ուսանելի օրինակներ են։ Վերջին ամիսների ընթացքում Այրումում, Լուսաձորում, Բագրատաշենում, Սարդարապատում և մի շարք այլ գյուղական համայնքներում գործարկվել են հյութերի, չրերի փոքր արտադրություններ, Կոթիում ու Չինարիում նախատեսված է ջերմատների կառուցում: Սրանք շատ ողջունելի նախաձեռնություններ են, և կառավարությունը մշտապես խրախուսելու է նման քայլերը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը բնակիչների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և դրանց իրականացման գործընթացին։ Բնակիչների ակտիվությունը նաև որոշիչ գործոն է արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու հարցում։ Ըստ վարչապետի, այդ կարևորության գիտակցումով է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր։
«Ցանկանում եմ շեշտել. մենք գիտակցում ենք, որ ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք և քաղաքական կամք: Մենք ունենք այդ կամքը: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը: Դեռ ճանապարհ ունենք անցնելու մեր 866 գյուղական համայնքների բնակչության սոցիալական խնդիրները լուծելու, անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար, սակայն կարևորն այն է, որ մեր կողմից որդեգրած ուղին ճիշտ է, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք մեր ընդհանուր նպատակին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Համաժողովին մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաև լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:
Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, շրջակա միջավայրի ու բնապահպանական հիմնախնդիրները, գյուղատնտեսության զարգացման միտումները, ինչպես նաև զբոսաշրջությանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կառավարության պաշտոնական լրահոս