
Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը:
Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Ս. Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում:
Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: