«Զինվորականները անմեղ որդուս դաժան ու դանդաղ մահվան են դատապարտել» (տեսանյութ). forrights.am
forrights.am-ը գրում է. «Ամռան ամիսներին, երբ ադրբեջանցի դիվերսանտներ էին ներթափանցել Հայաստանի սահմաններից ներս, այդ օրվանից ռազմական ոստիկանության աշխատակիցները ամենուր դիվերսանտ էին փնտրում, ընդ որում, առանց կարևորելու դիվերսանտի ազգային պատկանելիությունը: Ստորև ներկայացվող «դիվերսանտի», հայտնաբերման դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սահմանային գոտուց հեռու մի գյուղում:
Մարտունիի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ 31 ամյա Ալիկ Զախարյանը հուլիսի 19-ին այցելել էր Լեռնահովիտ գյուղի գերեզմանատուն՝ հարազատների շիրիմին, երբ ՊՆ համարանիշներով մեքենայից դուրս են գալիս ավտոմատներով զինված մարդիկ՝ թևերը ոլորում ու ձեռնաշղթաներ հագցնում:
«Ասել են դու թուրք դիվերսանտ ես, կռացրել են ու սկսել հարվածել, ստիպել են առվի կեղտոտ ջուրը խմել, ծեծել են, գցել մեքենան ու բերել ռազմական ոստիկանության բաժին: Հինգ ժամ ու կես թևերը կապած տղայիս տանջել են: Իմ տղան ասում է որտեղից է, ում տղան է, ասում է որ թուրք չեմ, ձեռքին հայերեն տպագրության գիրք է լինում, ասում են՝ թուրքի ձեռքում էլ կարող է հայերեն գիրք լինել»,- պատմում է Ալիկ Զախարյանի մայրը՝ Սոնա Սահակյանը:
ՌՈ աշխատակիցները, սակայն շարունակել են ծաղրն ու բռնությունները հաշմանդամ տղայի նկատմամբ արդեն բաժնում. «Շապիկը քաշել են գլխին, ձեռքերը կապած10 րոպե ծեծել, թե ինչ խղճով, հետո ասում են թուրքերը… քաշում են տաբատը պատռում, որ սեռական օրգանները նկարեն, որ համոզվեն թուրքա, թե չէ, սեղմել են, որ լեզուն հանեն դուրս, կոպերն են շուռ տվել, չգիտեմ իմ տղան էն վիճակումա եղել, որ չի պատկերացնում, որ ուշագնացա եղել, թե չէ ինչու պիտի լեզուն դուրս հանեին կամ կոպերը շուռ տային, մեկ ջուրա շաղ տվել դեմքին, մյուսը հացերը կպցրելա դեմքի տարբեր մասերին ասելա կեր և այդպես 5 ժամ ու կես»:
Մայրն ասում է, որ տղան տուն է վերադարձել բազմաթիվ մարմնական վնասվածքներով և սարսափի մեջ. «Երբ տղաս տուն եկավ դեմքը կապտած էր, աչքերն արյունով լցված, շալվարը պատռված, տղաս ցնորվածի նման էր, ահավոր վախեցած էր մինչև այսօր դեմքի ոսկորներն ու թևերի կապած տեղերը ցավում են, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային»:
Սոնա Սահակյանը դիմում է ոստիկանություն, որտեղ նրան խորհուրդ են տալիս չբողոքել, ավելին, ասում են եթե բողոքես ավելի վատ կլինի: «Ոստիկանություն քրեական հետախուզության պետը՝ Գալստյան Արայիկ անունով, ինձ ասումա, մի բանա՝ եղելա, մի բողոքի, ես էլ եմ էնտեղ եղել, բայց չեմ ծեծել, որ պետք եղավ տղայիդ գլխին ընենց կսարքենք, որ կզարմանաս»:
Մարտունու ոստիկանապետը ևս դեմ է եղել բողոքին՝ «Ոչնչի չես հասնի միայն ժամանակ ու ֆինանսներ ես կորցնելու, ասեց, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն են ծեծել» Մարտունու ռազմական ոստիկանությունում նախ Սոնայի ձեռքից խլել են պայուսակը ապա շան ուղեկցությամբ տարել ՌՈ պետի՝ Հակոբ Վարդանյանի մոտ, ով Սոնայի վրա վայրենու տպավորություն է թողել.
«Մի հատ վայրենի, լավ ենք արել մեր պարտականությունն ենք կատարել, դու չպետք է մեզ սովորեցնես թե ոնց աշխատենք»: Սոնա Սահակյանը բազմաթիվ բողոքներ է գրել ամենատարբեր ատյաններ և ի վերջո ՀՀ ՊՆ 5-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 375 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, սակայն որևէ մեկը դեռևս պատասխանատվության չի կանչվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: