ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական
վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:
Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը:
ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ պատվիրակության
դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին հայտարարությանը:
ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել առաջիկա նիստին:
Հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը 2015 թվականի աշնանն անցկացնել Երեւանում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն