
Ամանորին ձուն ավելի կթանկանա. Արմեն Պողոսյան

«Նորից մոտենում են տոները, և նորից մոտենում են մեր ժողովրդի չարչարանքները գնողունակության ու հնարավորությունների առումով: Փորձը ցույց է տալիս, որ միշտ տոների նախօրյակին հատկապես մթերքը թանկանում է: Գների թանկացումն անխուսափելի երևույթ է և կա ամեն տեղ, պարզապես քաղաքակիրթ աշխարհում եկամուտներն առաջանցիկ տեմպով են ավելանում, քան գները, և չի զգացվում գների բարձրացումը»,- այսօրվա ասուլիսում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով սննդամթերքի՝ մասնավորապես ձվի և հացի թանկացումներին:
Նրա խոսքով՝ թռչնամիս արտադրելն այսօր տնտեսական գործունեության ամենահեշտ ձևն է. «Դուք չեք կարող որևէ այլ ձեռնարկատիրական գործով զբաղվել, որտեղ այդքան արագ գումարները կպպտվեն և կսկսեն շահույթ բերել: Հետևաբար՝ մենք չպետք է ունենայինք ձու կամ հավի միս ներկրելու խնդիրը, պարզապես այստեղ առկա են վատ տնտեսվարության երևույթներ»:
Ըստ Ա. Պողոսյանի՝ Նոր տարվա օրերին ձուն ավելի կթանկանա: Նրա խոսքով՝ արտասահմանից ձու ներկրելը նախ՝ աբսուրդ է, հետո էլ՝ վտանգավոր, քանի որ այդքան մեծ հեռավորության վրա տեղափոխելը ժամանակ է պահանջում և պիտանելիության ժամկետների հետ կապված հարցեր են առաջանում.
«Մոտ հինգ օր առաջ մենք նամակ ենք ուղղել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին, բայց դա առաջին անգամը չէր: Դիմել ենք պահանջով, որ ստուգվի հացի գնի և քաշի հարաբերակցությունը: Դա անհրաժեշտ է: Պատասխանը եղավ այն, որ նամակն ուղարկված է Սննդի պետական ծառայություն, բայց այդ պատասխանը մեզ չի բավարարում: Մենք պահանջում ենք, որ նախագահականում ուշադրություն դարձնեն մեր նամակին»: