Լաբորատորիաներ չունեցող դպրոցը՝ համաշխարհային օլիմպիադաների մրցանակակիր
asparez.am-ը գրում է. Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ («Էվրիկա») դպրոցի սաները՝ Գուրգեն Սարգսյանն ու Ալիկ Գրիգորյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (ՏՏՈ) ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունից «Լավագույնը» անվանակարգի մրցանակով են վերադարձել:
Դպրոցի լավագույն 14 սաները կրթաթոշակի են արժանացել: «Էվրիկա»-ի 11 աշակերտները միջազգային ու համաշխարհային օլիմպիադաների մրցանակակիրներ են: Եղել են դեպքեր, որ միանգամից 4 աշակերտ է մասնակցել նման մրցույթների:
«Հանրապետական օլիմպիադաներում Լոռին մշտապես «թեժ կետ» է դառնում եւ մարզի 20 մրցանակից 15-ը կրկին «Էվրիկա»-ն է շահում»,- հպարտությամբ նշում է Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ակադեմիայի անդամ Արմեն Ծատուրյանը:
Նախկին մանկապարտեզի շենքում հարմարեցված դպրոցում ընդամենը 10 դասասենյակ կա, սպորտդահլիճի մասին խոսելն անգամ ավելորդ է, ուսուցչանոցում մի քանի ուսուցիչ հազիվ է կանգնում: Դպրոցում մրցանակ բերող առարկաների լաբորատորիաներ անգամ չկան՝ 3 լաբորատորիաների համար նախատեսված սարքերը մեկ դասասենյակում են հավաքել եւ պահարանների մեջ տեղավորել:
Հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների փորձնական փուլին պատրաստվում են սովորական դասասենյակում. նեղ տարածքը խանգարում է փորձեր անել եւ ամրապնդված տեսական գիտելիքներն են օգնում աշակերտներին.
«Մտածողության շնորհիվ հաղթահարում են նաեւ փորձնական փուլը: Երբ մեր լաբորատորիան ընդամենն այս պահարանն է (լաբորատոր բառը էստեղ չի էլ սազում), առավելագույն արդյունք են ցուցաբերում: Արդեն գիտենք՝ որ փորձը անենք, որ տիպային լինի, ընդգրկի մյուս չարածները»,-ասում է քիմիայի ուսուցչուհի եւ փոխտնօրեն Կատյա Նալբանդյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: