Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների չորրորդ համաժողովը
Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Համաժողովին մասնակցելու են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:
Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն հետեւյալ թեմատիկ կլոր սեղանները.
1.«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, դրա սկզբունքները եւ կիրառելիությունը:
2. Տեղական ինքնակառավարման ոլորտ: Տեղական ինքնակառավարման համակարգի եւ ավագանու կարողությունների ու ինստիտուտի հետագա զարգացման միտումները:
3. Տեղական ինքնակառավարում, ՏԻ մարմինների լիազորություններն ու գործունեությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող ստուգումները: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:
4. Շրջակա միջավայր եւ բնապահպանական հիմնախնդիրներ:
5. Գյուղատնտեսություն: Գյուղացիական տնտեսությունների ձեւավորում, կոոպերատիվների հիմնում, գյուղատնտեսության զարգացման արդի միտումները, ոլորտում իրականացվող նորարարությունները, հիմնախնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները:
6. Զբոսաշրջություն: Տարածքային համաչափ զարգացում: Գյուղ-քաղաք կապի կառավարում, գյուղը` որպես սոցիալ-տնտեսական բջիջ, զարգացումը եւ հիմնախնդիրները, գյուղական երիտասարդության հիմնախնդիրները, կենսամակարդակի բարձրացում:
7. Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին