
«Սիսիանի բժշկական կենտրոն»-ում 28-ամյա կնոջ մավան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ Անի Դավթյանը 2014թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Նրա մոտ ախտորոշվել է 24 շաբաթական հղիություն, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:
2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն: Կատարվել են ռեանիմացիոն միջոցառումներ, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները չեն վերականգնվել և նույն օրը՝ ժամը 22:05-ին, Անի Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։