«Գաղափարաբանական լիցքով բանակներն են, որ կարողանում են տանել լուրջ հաղթանակներ». Վարդան Խաչատրյան
Նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն այսօրվա կլոր սեղան- քննարկման ժամանակ ասաց, որ Արևմտյան երկրներին անհրաժեշտ է Ցեղասպանության գործոնն օգտագործել և լրատվամիջոցներով դա զգալիորեն ավելի է բարձրացվում, իսկ Խորհրդային իշխանության տարած հաղթանակն ամեն կերպ երկրորդայնացվում է:
«Պատմությունը շտկվում է ըստ նոր ժամանակաշրջանի թելադրողների քիմքի: Այս առումով՝ Հայրենական պատերազմը հնարավորինս պետք է երկրորդայնացվի: Ես դա սովորական եմ համարում ու մեզ զարմացնող բան չեմ տեսնում:
Հավատացնում եմ, որ Մեծ եղեռնի ուղղությամբ մեր բոլոր հետապնդումներն ու գործողությունները մեծ էֆեկտի չեն բերել. մեր կորցրածներից որևէ մեկը վերադարձված չէ: Իրականում, մենք երևի թե չունենայինք ոգու այնպիսի վերելք, ինչպես ունեցանք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, եթե դրան նախորդած չլիներ Երկրորդ համաշխարհայինին մեր ժողովրդի մասնակցությունը»,- նկատեց նա:
Ըստ նրա՝ Ղարաբաղյան շարժման մասնակիցներն ապրել են մարդկանց հետ, որոնք համարում էին, որ աշխարհի ճակատագրի մեջ հայերն ունեցել են մեծ դեր, որովհետև ինչպես Չերչիլն է ասում՝ աշխարհի բախտը վճռվում էր Ստալինգրադի ճակատամարտում.
«Գաղափարաբանական լիցքով բանակներն են, որ կարողանում են տանել լուրջ հաղթանակներ: Գերմանական բանակը մինչև վերջ ներծծված էր գաղափարաբանական լիցքով և նրան դիմադարձ կանգնած էր ուժ, որը համապատասխանում էր նրա հնարավորություններին: Այսօր մեր բանակը կարող է նորից կանգնի գաղափարական լիցքով բանակի առաջ և ճիշտ կլինի, որ մենք հիշենք, թե ինչ է եղել»,-ասաց Վարդան Խաչատրյանը: