Առաջին անգամն է, որ ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը «բերման ենթարկվածներ» են. Ա. Պեպանյան. tert.am
Tert.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ
– Պարո՛ն Պեպանյան, ի՞նչ գնահատական կտաք ներկայիս ներքաղաքական զարգացումներին ու իրավիճակին: Զարգացում, առհասարակ, նկատո՞ւմ եք:
– Մենք 1995 թվականից, երբ ձախողվեցին առաջին համապետական ընտրությունները, հետընթացի մեջ ենք: Այդ պահին եթե մենք բավարար խոհեմություն ունենայինք, ապա կդադարեցնեինք դասական քաղաքական պայքարի մեթոդին դիմելն ու կջանայինք հասկանալ, թե ինչո՞ւ օրենքները չգործեցին:
Մենք դա չարեցինք այն ժամանակ, չենք անում նաև հիմա, որի արդյունքում կուսակցություններն իրենց առաջնորդներով բարոյապես մեռնում են, ժողովուրդը քայքայվում-ծղողվում է, իսկ իշխանությունները դառնում են է՛լ ավելի վատը, քանի որ շարժումներից պաշտպանվելու նպատակով հարկադրված լինելով օգնության կանչել թաղային հեղինակություններին ու դրամատերերին, հետո նրանց ուզած-չուզած ներգրավում են իշխանության մեջ կամ թույլ տալիս դառնալ օլիգարխներ:
– Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի եռյակն իշխանափոխություն է պահանջում: Այս օրերին էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն իր հարցազրույցում նշեց, թե անցնցում իշխանափոխություն են իրականացնելու: Որքանո՞վ են այս պահանջներն իրատեսական:
– Իրատեսական են այնքանով, որքանով որ իրատեսական են եղել նախորդ շարժումները: Սա ամենաքիչ գաղափարական շարժումն է՝ առաջին անգամն է, որ ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը «բերման ենթարկվածներ» են: Ի՞նչ եք կարծում, եթե, ասենք, մի գիշերում ձերբակալվեն եռյակի առաջնորդները, ապա քանի՞ մարդ մյուս օրը ինքնակամ բողոքի հանրահավաքի կգնա: Կարծում եմ ահավոր շատ քիչ: Ա՛յ դա է ներկա շարժման իրական թափը, ու դրանից իշխանությունները երկյուղելու հիմքեր չունեն:
Մյուս կողմից, ինձ չի թվում, թե մեր իշխանությունների համար մի առանձնակի դժվարություն է հանել հագուստները ցանկացած մեծահարուստի, ով դուրս կգա իրենց դեմ: Եթե դա չեն անում ու չեն խոչընդոտում շարժման բազմամարդությանը, կնշանակի լուրջ չեն վերաբերվում դրան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: