
Կապանում տեղի է ունեցել մայր ջրագծի վթար. վնասվել են շենքերի պատուհաններ, ողողվել են բնակարաններ

Նոյեմբերի 2-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչից վնասվել են մոտակա շենքի բնակարանների պատուհանները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել մայր ջրագծի վթար, ինչի հետևանքով խողովակից դուրս մղված ջրի շիթը (մոտ 20 մետր բարձրությամբ) կոտրել է 5 հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 5 մանկապարտեզի ապակիները, ինչից մասնակի ջրալցվել են մանկապարտեզի սենյակները, վնասվել են նաև մոտ 15 բնակարանների պատուհաններ. ողողված տարածքը կազմում է մոտ 6000 քմ:
«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով դադարեցվել է խողովակաշարից ջրի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: