Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում անդամ պետությունների համար. Հ. Նաղդալյան

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որը հոկտեմբերի 10-ի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրումից հետո, ըստ էության , առաջին պաշտոնական, նման բարձր մակարդակով քննարկումն էր ԵՏՄ անդամակցության հեռանկարների շուրջ: Ը ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել.

 – Տիկին Նաղդալյան, կմանրամասնե՞ք, խնդրեմ, կոնկրետ ինչ շեշտադրումներ արվեցին նիստի ընթացքում և ինչ աշխատանքներ են նախատեսվում խորհրդարանական այս հարթակում:

– Նախ կուզեի նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը Եվրասիայի տարածքի ամենամեծ ինտեգրացիոն միավորումներից մեկն է, ավելի քան 20 միլիոն ք.կմ տարածքով և մոտ 180 մլն բնակչությամբ: Այս ինտեգրացիոն միավորման պետությունների աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքը տալիս է որոշակի լուրջ առավելություններ:

Հանձնաժողովի նիստի ընթացքում երկուստեք կաևորվեց Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հաջող և արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը՝ համապատասխան իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: Հետագա առաջընթացը շատ դժվար կընթանա՝ առանց տնտեսական գործունեության օրենսդրական հիմքերի ներդաշնակեցման: Սա մեր երկրների խորհրդարանների առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է և գերխնդիրն ու պատասխանատվությունը: Մենք պետք է հզոր խթան հաղորդենք օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը՝ ուղղված ազգային օրենսդրությունների կոնվերգենցիային և ներդաշնակեցմանը, ինչպես նաև՝ Միասնական տնտեսական տարածքի ձևաչափով ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման համար անհրաժեշտ իրավական բազայի ստեղծմանը:

Ինտեգրացիոն միավորման ընդհանուր իրավական դաշտը , որպես կանոն, հիմնված է նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման և ազգային ու վերազգային հարթությունների համաձայնեցման վրա: Այդ առումով երեկվա հանձնաժողովի նիստը նույնպես մի լավ հնարավորություն էր հետագա ինտեգրացման վերաբերյալ տեսակետների քննարկման համար:

– Ի՞նչ սկզբունքներ դավանելով է Հայաստանն այսօր ինտեգրվում Եվրասիական տնտեսական միությանը :

– Եվրասիական միությանն անդամագրումը, կարծում եմ, պետք է նախ և առաջ կայանա փոխշահավետ տնտեսական սկզբունքների և պրագմատիկ մոտեցումների հիման վրա՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները: Տնտեսությունը պետք է լինի այդ կարևոր գործընթացների առանցքը:
Մեր պատմության մեջ եղել է ժամանակահատված, երբ քաղաքական հարցերի լուծումը դրվել է տնտեսական խնդիրներից առաջ: Բոլորս գիտենք, որ դա լավ ավարտ չունեցավ:
Մեկ այլ սկզբունք ՝ եվրասիական ինտեգրացումը պետք է ապահովի անդամների հավասար ներկայացվածություն: Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա և տեսնի այդ գործընթացներին մասնակցելու ուղղակի օգուտներն իր համար: Իհարկե, ինտեգրացվող երկրները պետք է միավորվեն իրավահավասարության, և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի պայմաններում, այսինքն՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի հիման վրա: Երկխոսություն, կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հարգալից վերաբերմունք, նրանց շահերի հիման վրա կայացած փոխշահավետ կոմպրոմիս՝ սրանք են եվրասիական շինարարության հիմնական գործիքները: Հենց այս սկզբունքների պահպանումը որպես անկյունաքար՝ հանդիսանում է Միասնական տնտեսական միության հաջողության գլխավոր նախադրյալը:

– Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել խորհրդարանների դերն այս գործընթացում.

– Խորհրդարանը իր նշանակալի ներդրումն ունի միասնական տնտեսական տարածքի ձևավորման, եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացում ՝ վավերացնելով միջազգային համաձայնագրերը, ապահովելով ինտեգրացիոն գործընթացների իրավական բազան և նրա օրենսդրական բովանդակությունը, հետևաբար և՝ արդյունավետությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք և կատարելագործենք միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմները՝ ինչպես երկկողմ շփումները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության վեհաժողովի հարթակը՝ ապահովելով խորհրդարանականների համար փորձի փոխանակման, համատեղ քննարկումների և կոորդինացված օրինաստեղծ աշխատանքի դաշտը :

Դա կբերի ազգային օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ակտիվացման, ինչպես նաև, կնքված միջազգային պայմանագրերը վավերացնելու համար ներպետական արարողակարգերի ժամկետների կրճատմանը:

– Տիկին Նաղդալյան, երեկ նիստի ընթացքում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ՝ կապված մի քանի պատգամավորների նստելու տեղերի հետ, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության, որից հետո նրանք լքեցին դահլիճը՝ ընդհանրապես չմասնակցելով նիստին: Իսկապես կա՞ր նման խոչընդոտ:

– Մեր հանձնաժողովը բավական մեծ թվով պատգամավորներ է ներառում, անգամ երկկողմ պայմանավորվածությամբ՝ 20 հոգու փոխարեն, 28-ն են, և դահլիճն էլ արդեն մի քիչ կարծես փոքր է մեզ համար: Ցավում եմ այդ հանգամանքի համար և կուզեի, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված մեր պատգամավորները , ովքեր եթե իրոք շահագրգիռ էին և ունեին խնդիրներ քննարկելու և բարձրաձայնելու, ապա հարմարվեին որոշ տեխնիկական՝ ասենք իրենց կարծիքով ոչ պատվաբեր՝ նիստը նախագահողներից մի քիչ հեռու նստելու հանգամանքի հետ և մասնակցեին հանձնաժողովի աշխատանքներին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս