
Քաղաքացի Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաներում, Երևանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին:
Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն