Բաժիններ՝

Ադրբեջանցի դիվերսանտները կանգնեցին Ղարաբաղի դատարանի առջև. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը: Անկախության հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատական պատասխանատվության են կանչվում Ղարաբաղում:

Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դիվերսանտներ են. նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:

Գուլիևի և Ասկերովի հետ Քարվաճառ ներթափանցած մյուս ադրբեջանցին՝ Հասան Հասանովը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 10-ին մեկնարկած դատավարությանը ամբաստանյալները ներկայացան ոստիկանների, պաշտպանների և թարգմանչի ուղեկցությամբ։

Դատական նիստը նախագահող Անատոլի Թադևոսյանը քննությունը սկսեց հարցով, հետաքրքրվելով՝ ինչպես է ամբաստանյալների առողջությունը։

54-ամյա Դիլհամ Ասկերովն ասաց, որ առողջական խնդիրներ ունի ՝ առանց հավելյալ մանրամասների։

Պետական մեղադրողը՝ դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրեց մեղադրանքը՝ լրտեսություն, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի հատում, ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի կրում, մարդուն բացահայտ առևանգում, կյանքի համար վտանգավոր բռնության գործադրում, զենքի գործադրմամբ անչափահասի նկատմամբ կատարված սպանություն, ազգային ատելության շարժառիթով սպանությունների փորձ, գողություն և այլն:

Ըստ մինչ այս պահը հնչեցված ցուցումունքների՝ Ասկերովն ու Գուլիևը ծանոթացել են 1992 թվականին՝ Լաչինում, 1990-ական թվականների վերջին Գուլիևը Ռուսաստան է մեկնել, որտեղ, իր խոսքով, վեց տարի անցկացրել է բանտում՝ գողության համար։ Տարիներ անց Գուլիևը վերսկսել է շփումը հայրենակցի հետ՝ արդեն Բաքվում. հենց Ասկերովն է առաջարկել նրան մեկնել Ղարաբաղ։ Զենքը, ըստ Գուլիևի, Հասանովն էր բերել։ Նրանք հայտնվելով Ղարաբաղում՝ օրերով գիշերել են բացօթյա տարածքներում։

Ռուսերենի ոչ բավարար իմացության պատճառով Գուլիևի խոսքից չհասկացվեց, թե ինչպես է տեղի ունեցել 17-ամյա հայ պատանու առևանգումը. ասաց՝ ո՛չ առևանգմանն է մասնակցել, ո՛չ էլ սպանությունից է տեղյակ:

«Շրջվել եմ կրակոցի ձայնից և տեսել, որ տղան ընկել է ճանապարհի մեջտեղում ՝ անշարժ», – ասաց Գուլիևը։

Ադրբեջանցի ամբաստանյալը նաև մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են ցուլ, զինվորական հագուստ, ինչ-որ փաստաթղթեր գողացել, «ինչ-որ նկարահանումներ արել»։

Դիլհամ Ասկերովը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց ոչ միայն Սմբատ Ցականյանի սպանության, այլ նաև սահմանը հատելու մեջ, սակայն խոստովանեց, որ գողացել է Սմբատ Ցականյանի մոտ եղած գումարը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս