ԼՂՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Կանադայում է
Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։
Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա մասնավորապես ներկայացրել է Արցախի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։
Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։
Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարություն