Արշակ Սադոյանը երեկվա հանրահավաքի մասին. «Ընդդիմության դեմ պայքարն ավելի կարևորվեց, քան իշխանության դեմ պայքարը»

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ներքաղաքական վիճակի մասին, ասաց, թե մեկ տարուց ավելի է՝ մի անընդունելի գործընթաց է տեղի ունենում, որի իմաստն է՝ ընդդիմությունը դարձնել արհեստական, ստեղծել մեկը մյուսին փոխարինող երկու քաղաքական ուժեր, որոնցից որն էլ գա իշխանության՝ տանելու է նույն գիծը.

«Նկատի ունեմ՝ փորձել քաղաքական դաշտում ձևավորել ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունները, իսկ մնացած բոլորը լինեն ոչ ռեալ կուսակցություններ կամ միավորվեն այդ երկուսից որևէ մեկին: Բայց քանի որ այդ երկու կուսակցություններն էլ եղել են առաջին հերթին օլիգարխական, իշխանավորների անձնական շահերի ապահովման կուսակցություններ, բնականաբար Հայաստանի ռեալ բազմակարծության համար ավելի մեծ վտանգ չի կարող լինել, քան հանրապետության քաղաքական դաշտը տրամադրել երկու այսպիսի կուսակցությունների:

Երեկվա հանրահավաքը ասածիս փայլուն ապացույցն էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ խոստովանեց, որ ինքը ղեկավար լինելու հավակնություններ չունի, որ շեֆը պետք է վերջինը խոսի, իսկ ինքը ընդամենը մի բան կասի, որն ամենասարսափելին էր. նա ասաց՝ բոլոր նրանք ովքեր համաձայն չեն ԲՀԿ-ի գծի հետ, մեր թշնամիներն են, և առաջին խնդիրը որ պետք է դրվի՝ ընդդիմությունը ցրելն է:

Այսինքն՝ հետևյալ խնդիրը դրվեց. ընդդիմությունը փոխել, որ ոչ-ոք ռիսկ չանի ԲՀԿ-ի և նրա հետ գումարային նպատակներով համագործակցող կուսակցությունների դեմ որևէ բան ասել: Ընդդիմության դեմ պայքարն ավելի կարևորվեց, քան իշխանության դեմ պայքարը: Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթի հիմնական թեման սա էր»,-ասաց Արշակ Սադոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս