Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Սամվել Էլոյանի` բժշկական կենտրոնում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ բուժող բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 20:25-ին, աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերություն է ընդունվել Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, գործով տուժող Սամվել Էլոյանը, որին բուժօգնություն է ցուցաբերել և հետագա բուժումն իրականացրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության ստացիոնար ծառայության վիրաբույժ-վնասվածքաբան Կ.Մհերյանը:
Ս.Էլոյանին հետազոտելու համար Մհերյանը 2013 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 00:10-ին, բժշկական կենտրոն է հրավիրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ-էնդոսկոպիստ Ա.Կարապետյանին, ով էնդոսկոպիկ ճանապարհով հետազոտել է Սամվել Էլոյանին և ախտորոշել «Կայացած արյունահոսություն, ստամոքսի խոց, կարդիալ փականի անբավարարություն, արտահայտված դուոդենոգաստրալ ռեֆլեքս»:
Այդ պայմաններում, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության, Կ.Մհերյանը, շարունակելով հիվանդ Սամվել Էլոյանի բուժումը, չի ձեռնարկել բավարար և համարժեք ծավալով կոնսերվատիվ բուժմիջոցառումներ:
Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրա նազոգաստարալ զոնդից դիտվել է արյունային արտադրություն:
Բժիշկ Կ.Մհերյանը 2013 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 03:45-ին, Սամվել Էլոյանի անվամբ լրացված բժշկական քարտում գրառում է կատարել այն մասին, որ «Նազոգաստրալ զոնդից կա արյունային առատ արտադրություն, սրճանման բնույթի մակերեսով»:
Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու, շտապ վիրահատական բուժում իրականացնելու փոխարեն՝ բուժող բժիշկը ժամը 06:55-ին «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից Ստեփանավանի ԲԿ է հրավիրել էնդոսկոպիստին՝ էնդոսկոպիկ ճանապարհով հիվանդին հետազոտելու նպատակով, ինչից հետո՝ ժամը 11։30-ին, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Էլոյանին համապատասխան ուղեգրով տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ էլ նա նույն օրը՝ ժամը 15։35-ին, մահացել է ։
Ըստ փորձաքննության եզրակացության՝ բուժվող հիվանդը մահացել է ստամոքսի փոքր կորության շրջանի խրոնիկական խոցային հիվանդության, խոցային արտաքին արյունահոսության, աղիների լուսանցքում ազատ արյան առկայության, ներքին օրգանների սակավարյունության հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկի պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
2014 թվականի հոկտեմբերի 09-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: