Հաջորդ տարվա մեր պլաններում է, որպեսզի Նյու Յորքից, Լոս Անջելեսից, Փարիզից և Լոնդոնից դիզայներներ գան. Գագիկ Գևորգյան
Նորաբաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը կդառնա պարբերական՝ ամեն տարվա գարնանն ու աշնանը հայ հանրությանը ներկայացնելով համաշխարհային նորաձևության միտումները։ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կազմակերպած նորաձևության շաբաթը, որը ներառված է «Երևան Շոու» ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում, առաջին անգամ անցկացվում Հայաստանում։ AJA-ի նախագահ Գագիկ Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում բացում է փակագծերը և պատմում ցուցադրության մանրամասները։
– Պարո՛ն Գևորգյան, առաջին անգամ է «Երևան Շոու»-ի շրջանակներում անցկացվում նորաձևության շաբաթ։ Ամփոփելով առաջին օրվա արդյունքները՝ ի՞նչ կարող ենք փաստել։
– Երբ գաղափար ծնվեց, որ կարելի է նման միջոցառում կազմակերպել, ես չէի պատկերացնում, որ այն նման ոգևորվածությամբ կընդունի ժողովուրդը։ Մարդիկ կարիք ունեն ինչ-որ գեղեցիկ բանի, նորաձևության, նոր մտքերի, ոգեշնչման։ Կարծում եմ, որ այսօրվա ավելի քան 2500 հյուրերը գնահատեցին այն աշխատանքը, որ կատարել էին դիզայներները։ Իհարկե, մեր կարևորագույն նպատակն այն է, որ կարողանանք նորաձևության, հագուստների և ոսկերչական իրերի զուգակցումը ճիշտ ձևով ներկայացնել մարդկանց։ Մեր ցանկությունն է, որ կնոջ կերպարը լինի ավելի ամողջական, քանի որ կինն առանց ոսկերչալկան իրերի չի կարող իր գեղեցությունը լիովին ներկայացնել։ Այսպիսիով, առաջին օրվա մեր բոլոր ջանքերը և ցանկություններն իրագործվեցին` երևի ավելի լավ, քան պատկերացնում էիք։
– Ինչպե՞ս էր կատարվել դիզայներների ընտրությունը, ովքե՞ր էին ներգրավված ցուցադրությանը։
– Այստեղ ներկայացված են լավագույն դիզայներները, ովքեր մասնակցում են աշխարհի լավագույն ցուցադրություններին և նորաձևության շաբաթներին։ Շատերն առաջին անգամ էին Հայաստանում, նրանք հիացած են մեր երկրով։ Թվում է, թե սիրահարվել են Հայաստանին և անընդհատ պետք է գան, մեր հասարակությանը ցույց տան իրենց արվեստը, ուրախացնեն կանանց և նրանց գեղեցիկ հագուստներ ներկայացնեն։
– Կարո՞ղ ենք ակնկալել, որ հաջորդ տարիներին Երևանյան նորաձևության շաբաթին կմասնակցեն խոշոր նորաձևության տներ և, ինչու ոչ, նաև նորաձևության մայրաքաղաքներից։
– Այո՛, անպայման։ Հաջորդ տարվա մեր պլաններում է, որպեսզի Նյու Յորքից, Լոս Անջելեսից, Փարիզից և Լոնդոնից դիզայներներ գան։ Մեր ցանկությունն է հատկապես հայ դիզայներներին բերել այստեղ, ինչպես դա արվում է ոսկերչության դեպքում։ Իսկ ինչ վերաբերում է արտասահմանցի դիզայներներին, նրանք մեծ սիրով կգան։ Այս տարի մենք կարճ ժամանակ ունեինք և չկարողացանք այդ ամենն իրականացնել։ Հաջորդ ցուցադրությունը կլինի գարնանը։ Այդ ժամանակ կտեսնեք նոր շունչ, նոր տարամադրություններ և, իհարկե, նոր հավաքածուներ։
– Ի՞նչ սպասենք այս տարվա ցուցադրությունից։
– «Երևան Շոու»-ն արդեն չորրորդ անգամ պետք է անցկացվի։ Կարծում եմ՝ բոլորդ կզարմանաք այն չափերից և գեղեցկությունից, որ այս անգամ եք տեսնելու։ Շուրջ քսանհինգ երկրներից ժամանել են բազմաթիվ մասնակիցներ։ Կան մասնակիցներ, որ անցյալ տարի ներկա չէին, սակայն այս տարի եկել են։
«Yerevan Show 2014» 4-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին եւ կտեւի երեք օր: Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անցկացնել նաեւ համաժողով` «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» թեմայով: Հոկտեմբերի 24-28-ին կկայանա նաեւ ժամանակակից հայ գեղանկարիչների «Armenian Art Fair» ցուցահանդեսը: