
«Շատ բան կախված կլինի Գագիկ Ծառուկյանի պահվածքից, քանի որ նա կուսակցական առաջնորդներից միակն է, ով դեռ չի բացել իր խաղաքարտերը». Արման Մելիքյան

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոչ իշխանական եռյակի երեկվա հանրահավաքին:
«Իմ դիտարկմամբ հարաբերականորեն ընդդիմադիր երեք ուժերն առայժմ փորձում են համատեղ ուժերով հնարավորինս մեծ քանակությամբ կողմնակիցներ ներգրավել հանրահավաքային շարժման մեջ: Նրանց գործունեության այս փուլը կարելի է պայմանականորեն կոչել՝ «զորահավաքային», իսկ թե նրանցից յուրաքանչյուրն ինչպե՞ս կփորձի ուղղորդել հավաքված մարդկանց՝ դա այլ խնդիր է: Շատ բան կախված կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պահվածքից, քանի որ նա կուսակցական առաջնորդներից միակն է, ով դեռ չի բացել իր խաղաքարտերը և նախկինում հանրահավաքային ներուժը տանուլ տալու առիթ չի ունեցել: Կարծում եմ, որ նա զգուշավոր պահվածք կորդեգրի ու իշխանությունների հետ առճակատման չի գնա՝ Ժառանգության ու ՀԱԿ-ի առավել արմատական հակաիշխանական պահվածքը ԲՀԿ-ին հնարավորություն է ընձեռելու ներկա իշխանությունների հետ իշխանափոխության պայմանների շուրջ շահագրգիռ երկխոսություն ծավալելու համար: Ըստ էության առայժմ նրանց միավորող միայն մեկ խնդիր կա՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից: Երբ այդ հեռացումն իրականություն դառնա կմեծանա նաև եռյակ ճակատի տրոհման հավանականությունը:
Գործող իշխանության ներկայացուցիչների համար իմաստ կունենա բանակցել միայն ԲՀԿ-ի հետ՝ իրենց անձնական գույքային շահերն ապահովող, սեփականության վերաբաշխումը կանխող մեխանիզմների շուրջ: Իսկ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում եթե համապատասխան որոշումը կայացվի Մոսկվայում կամ էլ Ռուսաստանը հայտնվի մի այնպիսի իրավիճակում, որ կորցնի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ներազդելու ունակությունը: Առաջին տարբերակը քիչ հավանական է, իսկ երկրորդի հետ կապված հստակեցումները հավանաբար ի հայտ կգան եկող տարվա գարնանը»: