Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

Այսօր՝ ժամը 12։00-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն, հայտնում են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի եւ վաճառքի կներկայացվեն Դրախտիկի եւ Հադրութի շրջանի եւս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաեւ արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

Փառատոնին կներկայացվեն նաեւ արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների եւ կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժեւորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաեւ բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաեւ մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի եւ ենթաբարբառների պահպանման եւ հանրահռչակման նպատակ ունի:

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝ Արցախի հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը։

Տեսանյութեր

Լրահոս