Բաժիններ՝

Ընկերությունները Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի տոմսեր են վաճառում. azatutyun.am

azatutyun.am-ի փոխանցմամբ՝ թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» պաշտոնապես հայտնել են, որ «մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը», սակայն ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր:

«Գռոզնի Ավիա»-ի առաջարկած տոմսերի գինը սկսկվում է 8 700 ռուբլուց, երևանյան ընկերություններում ZG-740 կոդն ունեցող Երևան-Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը սկսվում են 87 500 դրամից։ Նաև տեղեկացնում են՝ «Զվարթնոց» օդանավակայանից առաջին թռիչքը կայանլու է նոյեմբերի 17-ին, 15:00-ին, թռիչքը տևելու է մոտ երկու ժամ և թռչելու են «Յակ-42» ինքնաթիռով:

Այն, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը մտադիր է կանոնավոր ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել Երևանի ու Սիմֆերոպոլի միջև, առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնեց ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:

«Գռոզնի Ավիա»-ի փոխադրումների ծառայության ղեկավար Տիմուր Շիմաևը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կանոնավոր չվերթները իրականացվելու են հոկտեմբերի 10-ից: Սակայն հետո ժամկետները հետաձգվեցին, և երեկ «Ինտերֆաքսի» հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Ցուրկինը հայտարարեց, որ թռիչքները սկսվելու են նոյեմբերի 16-ին:

Ի դեպ, Սիմֆերոպոլի օդանավակայանի պաշտոնական կայքէջի համաձայն, ներկայում այնտեղից կանոնավոր թռիչքներ են իրականացվում միայն ռուսաստանյան տարբեր քաղաքներ, և եթե դեպի Երևան կանոնավոր ուղիղ չվերթը իրականություն դառնա, Ռուսաստանից հետո Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղից կանոնավոր թռիչքներ կիրականացվեն օկուպացված Ղրիմ:

Այս ամենի ֆոնին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Ազատությանը» մանրամասնեց, որ ավիաընկերության հայտը մերժել են՝ «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով, և որ թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս