Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեք կարող վախեցնել (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ խոստացված ելույթով: Նա հայտարարեց, որ գիտի ժողովրդի դարդն ու ցավը, իր ձեռքը պուլսի վրա է, ինքը խոսում է ի սրտե: Ծառուկյանը հիշեցրեց ու ինքն իր մասին խոսեց երրորդ դեմքով. «2009-ից հետո, երբ համաշխարհային ճգնաժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր՝ պետք է օգնություն, բայց մարդիկ լուրջ դեմքով ասում էին՝ Ծառուկյանը չի տիրապետում»: Բայց այսօր արդյունքն այն է, որ 2009-ից 2014 թ. 15 հազարից ավելի ՓՄՁ-ներ, կրպակներ, հիմնարկներ փակվել են, միլիոնավոր մարդիկ անգործ են մնացել, անգործության թիվը հասել է 43%:

«Մենք ամեն ինչին տիրապետում ենք, գիտենք: Մինչև այսօր փակվում են այդ կրպակները, ժողովրդի վիճակը ծանրագույն է: Ես գիտեմ, որ ժողովրդի 90%-ը բանկերում տոկոսի տակ է: Այսօր հնարավորություն պետք է ստեղծվի, որ երեխան մրսում է, մարդը թուղթ է վառում գազի փոխարեն, մարդը հաց է գնում մի օրվա, որ էժան առնի: Սա պետք է կարգավորենք: Հիմա ամենակարևորը՝ Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեք կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, անարդարություն, բայց չի կոտրվել: Ես այսօր այստեղ եմ: Ճիշտ է, անընդհատ ասում են՝ Ծառուկյանը չի անի, Ծառուկյանի ինչին է պետք, բայց պետք է մեկը մտածի: Մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինենք: Չկա մի բան, որ Ծառուկյանը ասած լինի ու չանի: Ինչ խոսք եմ տվել, արել եմ: Ծառուկյանը ինչ ասել է, մինչև վերջ պահել է իր խոսքը՝ հանուն արդարության, հանուն հավատքի, հանուն ժողովրդի: Սիրելի ժողովուրդ, այսօր հաղթանակը մերն է, ձերն է»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Նա նկատեց, թե կա մասսա, որ այսօր ցուցարարների կողքին չի, բայց վաղը կլինի. «Ուժը ժողովրդի մեջ է, ոչ ոք չի համարձակվի ժողովրդին մեղադրել: Ինչ անում ենք, մարդու իրավունքի մեջ է: Շտապելը հաջողության չի բերի»:

Իր այս բանավոր խոսքից հետո Ծառուկյանն ընթերցեց իր ելույթը՝ նշելով, որ պատմական այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական շարժման ծավալը: Խոսեց սփյուռքի ներուժը օգտագործելու մասին ու դիմեց սփյուռքի հեղինակավոր գործիչներին: Նա հայտարարեց, որ այսօրվանից ամբողջ հանրապետությունում սկսում է շտաբերի ձևավորում և պահանջելու են արտահերթ ընտրություններ:

«Մեր գործն արդար է»,- ասաց նա ու նշեց, որ ոչ մի նստացույց չի լինելու, մինչև եռյակով ընդհանուր համաձայնության չգան, իսկ երբ կպայմանավորվեն՝ կհայտարարեն:

Հանհարվաքի մասնակիցները երթով շարժվեցին առաջնորդների ետևիեց՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղով:

Տեսանյութեր

Լրահոս