«Մոր և մանկան առողջության պահպանումը մշտապես գերակա խնդիր է պետության համար». Արմեն Մուրադյան

Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ իր աշխատանքները սկսեց Մանկաբուժական ազգային 4-րդ գիտաժողովը, որը կազմակերպել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան:

«Մոր և մանկան առողջության պահպանումը մշտապես գերակա խնդիր է պետության համար: Այս ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ ծառայության որակի բարձրացումը, ինչպես, առհասարակ, առողջապահական համակարգում, այնպես էլ մանկաբուժության մեջ զարգացման անհրաժեշտ պայման է: Պատահական չէ, որ տարեցտարի պետական բյուջեից այս ոլորտին ուղղված հատկացումներն ավելանում են:

«Տարեցտարի պետական ծրագրերի զարգացմանը համահունչ ծրագրեր են իրականացվում նաև մասնագիտական միավորումների կողմից»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ հաջողություններ է գրանցել իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում` ապահովելով պատվաստումների մեծ ծածկույթ։

Առողջապահական ցուցանիշները վկայում են, որ մեծահասակների շրջանում վաղաժամ մահացության 70 տոկոսը պայմանավորված է մանկական և դեռահաս տարիքում սնուցման, վարքագծի խնդիրներով, վնասակար սովորություններով:

«Առողջապահական ողջ համակարգում դժվար է գտնել մանկաբույժից առավել հուզական, բարի, ազնվաբարո մասնագիտություն»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարը` մաղթելով գիտաժողովի մասնակիցներին բեղմնավոր և արդյունավետ աշխատանք :

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշեց, որ գիտաժողովին ներկա մասնագետներին միավորում է Հայաստանի երեխաների և դեռահասների առողջության ու բարօրության գաղափարը:

«Երեխաների առողջությունը բոլորիս հիմնական նպատակն է: Այն պատմականորեն հանդիսացել է հայ հասարակության, պետության և բժիշկների ուշադրության առարկան»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով` 1990-ականներին, չնայած մեր երկրում պատերազմական, սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակին, տեղի և արտերկրի մասնագետների աջակցության, համախմբվածության շնորհիվ հաջողվեց ներդնել բուժման նոր եղանակներ և մեթոդներ, իջեցնել մանկական մահացության ցուցանիշները:

«Իհարկե, կարող ենք հպարտանալ բազմաթիվ հաջողություններով, սակայն դեռևս առկա են լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ թե՛ Երևանում, թե՛ մարզային հիվանդանոցներում»,- նշեց Արա Բաբլոյանը` հավելելով, որ հպարտանալու առիթ է այն, որ Հայաստանն առաջինն էր ԱՊՀ տարածքում, որտեղ մանկաբուժությունը մեծ զարգացում ապրեց:

Նա կարևորեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի սերտ համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ:

Առողջապահության երկարամյա կազմակերպիչը որպես դրական փաստ մատնանշեց այն, որ Հայաստանի 10 մարզից 8-ը համալրված է մանկական վերականգնողական բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ ապահովող կենտրոններով:

Գիտաժողովի շրջանակում առաջատար մասնագետներն իրենց զեկուցումներում կանդրադառնան երեխաների վարակիչ հիվանդությունների արդիական խնդիրներին, անհետաձգելի նյարդաբանական իրավիճակներին, սուր վիրուսային վարակների բուժմանը և կանխարգելմանը, մանկաբուժական արդի այլ հիմնահարցերին:

(նախագահ` պրոֆեսոր Արա Բաբլոյան)

ՀՀ Առողջապահության նախարարություն             

Տեսանյութեր

Լրահոս