
Արմեն Ռուստամյանը ողջամտություն է մաղթում հանրահավաքի մասնակիցներին

«Ես իսկապես չեմ ուզում, որ ձախողվեն այն գործընթացները, որ հանրային բնույթ ունեն, ու մարդիկ գալիս են սպասումներով: Դրա համար թող անեն ինչ կանեն, բայց արյունահեղության չհանգի որևէ գործողություն: Ովքեր էլ չեն մասնակցում, մեկ է, մեղավորության զգացում ունենում են: Եվ պետք է ամեն ինչ անել, որ անցյալի սխալները չկրկնվեն ու արյուն չլինի: Երկրորդը՝ հիասթափություն չլինի, որ ժողովուրդը իր հավատը չկորցնի, քանի որ դա դժվարացնում է ցանկացած այլ քաղաքական ուժի գործը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ողջամտություն մաղթելով հանրահավաքի մասնակիցներին:
Նա նշեց, որ եռյակի հետ շատ հարցերում ՀՅԴ-ն համաձյան է եղել, ու ինքը չէր ցանկանա, որ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն: Ըստ նրա՝ եթե միայն «ընդդեմ»-ով են առաջնորդվում, դա կարող է բերել առճակատման, իսկ «հանունը» այստեղ դեռ չի երևում:
«Հոկտեմբերի 10-ի անորոշությունները պահպանվել են, եթե չասեմ, որ որոշ մասով էլ ավելացել են: Այս հանրահավաքի խնդիրն է այդ ամենը սրբագրել: Ընդհանրապես, առաջին հանրահավաքը կարևոր դեր ունի, լավ սկիզբը գործի կեսն է: Բայց այդ հանրահավքը ակնկալիքները չբավարարեց: Դա ամենաադեկվատ գնահատականն է»,- ասաց Ա.Ռուստամյանը: