
Վերահսկիչ պալատի ծրագիրը մինչև նոյեմբերի 1-ն ուղարկվելու է ԱԺ

ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում հաստատվել է 2015 թվականի գործունեության ծրագիրը: Հաստատված ծրագրում ընդգրկվել է 17 հարց։ Արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ պետական բյուջեի կատարման եւ պետական գույքի մասնավորեցման գործընթացները, բյուջետային միջոցների օգտագործումը, պետական եւ համայնքային գույքի կառավարումը:
Ծրագրում ընդգրկված հարցերի մի մասը վերահսկողության շարունակականության մասին է խոսում` հատկապես Արցախի տնտեսության համար ռազմավարական հայտարարված ճյուղերում` գյուղատնտեսության, կապիտալ շինարարության, կրթության եւ մշակույթի բնագավառներում:
2015 թվականին Վերահսկիչ պալատի մասնագետներն աշխատելու են հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում, ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, վիճակագրության պետական ծառայությունում, հանրային հեռուստառադիոընկերությունում, Ասկերանի եւ Մարտունու շրջաններում: Ծրագիրը մինչեւ նոյեմբերի 1-ն ուղարկվելու է Ազգային ժողով`հավանության: