Զինծառայողն ընդունել է մեղքը

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ զինծառայողը մեղավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել է 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:

Նախաքննության ընթացքում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, «քուն» հրամանից հետո, օգտագործելով մեկ այլ զինծառայողի հոգեպես անօգնական վիճակը, այն է` վերջինի կողմից իր կողքի մահճակալին քնած լինելը, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ` ձախ ձեռքով շոշափել է շարքային զինծառայողի առնանդամը: Ըստ մեղադրանքի՝ զինծառայողն այդ գործողությունը կրկնել է մեկ այլ օր ևս: Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանն իր վճռում նշել է, որ ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, եկել է եզրահանգման, որ նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել դրականորեն բնութագրվելը: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

 

Տեսանյութեր

Լրահոս