Թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես (տեսանյութ)
Այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Վարդան Այվազյանի միջև:
«Էս օրենքի բովանդակության 90%-ը կապ չունի սահմանամերձ շրջանների հետ: Ճանապարհներ, բնապահպանություն, սաղ խառնում եք իրար ու ասում եք, որ տալիս եք հարկային արտոնություն: Էս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ դուրս են գալու ցույցի ու ասեն՝ չենք ուզում ձեր արտոնությունը, հանեք»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ սահմանամերձ շրջանները կառավարությունը չի կարող որոշել, քանի որ կա սահմանամերձ շրջանների զարգացման օրենքը, որով սահմանամերձ են համարվում նաև հայ-թուրքական սահմանի բոլոր գյուղերը. «Կառավարությունը չի կարղ դա փոխել»:
Փաշինյանը նաև նկատեց, որ սահմանամերձ համայնքների տատիկ, պապիկները ամեն օր մազ չեն կտրում, բայց ամեն օր գազի ու լույսի փող են տալիս:
«Օրենքն ամբողջությամբ կարդացեք: Սույն օրենքը վերաբերում է կառավարության ցանկով հաստատված սահմանամերձ գյուղերին»,- ասաց Վ.Այվազյանը:
Նրա խոսքով՝ ցույց անողը վաղը էլի ցույց կանի: Այվազյանը համոզվածություն հայտնեց, որ շրջանառության հարկից բողոքողները 58 հազարի շեմից դուրս են գալու, եթե նորմալ վճարեն. «Իրենց ռեալ շրջանառությունը ցույց չեն տալիս: Վարչարարության հստակ գործիքներ գտնելը իմ ու ձեր գործն է»:
Այվազյանը նշեց, որ հարկային բեռի թեթևացում է գնում, բոլոր օրենսդրական նախաձեռնոթյուններով կառավրությունը թեթևացնում է. «Տատիկ պապիկները էդ խանութից են հաց առնում, կոշիկը, որ ջարդվում է, իրենք են սարքում, բայց ուրիշ ծառայություն էլ կա: Չի կարելի օրենքի կեսը կարդալ»:
«Երբ դուք արտոնություն եք տալիս, բայց մարդիկ ցույց են անում, ուրեմն էսքան ցույց եք տալիս, էսքան քթներից հանում եք: Ինչի՞ եք դրել սահմանամերձ անունը, երկու օր ա, հայբուդուր, հեռուստատեսությունով ասում եք սահմանամերձին արտոնություն ենք ալիս: Էդքան որ տատիկ պապիկներին մտածող էիք, քիչ թալանեիք: Իրանք հարյուր հազարներով նիսյաններ ունեն խանութներում: Էդ փողը տվեք, գնան փակեն: Ոչ թե ձեր օբյեկտները տանեք սահմանամերձ շրջաններ»,- բորբոքվեց Ն.Փաշինյանը:
«Էդ օբյեկտնեը քեզ եմ տալիս»,- հակադարձեց Վ.Այվազյանը:
Փաշինյանը տեղից շարունակում էր բողոքել և նրան միացավ Զարուհի Փոստանջյանը:
«Էս դո՞ւ խի անհանգստացար»,- Փոստանջյանին ասաց Այվազյանը:
«Դուն դու ես ու քո շեֆերը»,- գործընկերոջը պաշտպանեց Ն.Փաշինյանը:
«Դուն դու ես, այ տղա»,- ետ չմնաց Այվազյանը ու շարունակեց,- Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես»:
ԱԺ նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը կոչ արեց պատգամավորներին հանգստանալ, սակայն ապարդյուն: «Բղավում եք, ցույց եք տալիս, որ ուրիշ ոչ մի արգումենտ չունեք»,- ասաց Նաղդալյանը:
«Ամոթը չափ ունի բոլորի համար, սուտի գոռգոռալով չի»,- հայտարարեց Այվազյանը:
«Դու ինձ չպիտի ասես»,- ասաց Փաշինյանը:
«Հատուկ զադանիաներ են տալիս, ուղարկում: Պապաներդ պիտի ասեն: Չշշկռես հանկարծ»,- հակադարձեց Այվազյանը, այնուհետև սկսեց այլ հարցերի պատասխանել: Բայց նիստն ընդմիջվելուց հետո էլ Փաշինյան-Այվազյանը-Փոստանջյան վեճը շարունակվում էր:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի