Վահե Էնֆիաջյան. Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է իրական գործողությունների սկիզբ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի
հայտարարությունը ԱԺ-ում

«Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին:
Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում:

Ազգային Ժողովում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես եկել հստակ առաջարկներով:
Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել և անցել են վտանգավորի շեմը:
Մեր երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:
Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները:
Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից:

Չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ, որին հասարակությանը ծանոթացնելու կարիք չկա:

Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված բողոքի բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:
• Պարտադիր կուտակային օրենքի դեմ բողոքի ցույցեր
• Տաքսու վարորդների բողոքի ցույցեր,
• Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ցույցեր
• ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցեր
• Իրացված տարածքներից տուժած բնակիչների բողոքի ցույցեր՝ Կոնդի, Ֆիրդուսի, Նորագյուղի, Կիլիկիա և այլ օտարված և ամայացված տարածքներ, որոնց բնակիչներն առ այսօր անորոշության մեջ են:
• Անարդար դատական վճիռներ
• Էլէկտրաեներգիայի և գազի սակագների թակացման դեմ պայքարի ցույցեր
• Ամենօրյա կարմիր գծերի և արագաչափերի գրպանահատությունը
• Գյուղացու ապրելու և աշխատելու պայմանների ու երաշխիքների բացակայություն
• Բանկային անհամաչափ բարձր տոկոսադրույքներ և դրանց աղետալի հետևանքներ
Սրան ականատես ենք եղել բոլորս, և ոչ ոք չի կարող սա հերքել:
Սակայն քանի հոգի է ենթարկվել պատասխանատվության,
ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար:
Սա է համախմբում մեր հայրենակիցներին, ովքեր այլևս չեն ցանկանում ապրել անարդարության մթնոլորտում:
Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդն այդքան շատ է սպասում»:

Տեսանյութեր

Լրահոս