Բաժիններ՝

Ադրիանա Կարեմբո. «Եթե գեղեցիկ չլինեի, հավանաբար այստեղ չէի լինի»

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնի` «Ֆոնեթոն 2014»-ի «կնքամայր» Ադրիանա Կարեմբոն (Adriana Karembeu) այս օրերին Հայաստան է այցելել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով: «Ֆոնեթոն 2014»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում: Նա Հայաստան է այցելել իր ամուսնու` ֆրանսահայ գործարար Արամ Օհանյանի հետ:

«Ես այստեղ եմ` որպես կնքամայր, և իմ դերակատարությունն այդ գումարները հավաքելն է, ինձ պատմել են, և ես տեղյակ եմ ամեն ինչից, բայց ես գնալու եմ նաև Տավուշ, և դա ինձ կօգնի նվիրատուներին ավելին համոզել»,- ասաց Ադրիանա Կարեմբոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ադրիանան հենց ինքն է ցանկացել այցելել Հայաստան, անձամբ լինել մարզերում, որպեսզի իր աչքով տեսնի այն ծրագիրը, որին մասնակցելու է: Ադրիանան, բացի մոդել ու հաղորդավարուհի լինելուց, նաև «Կարմիր խաչի» անդամ է և մշտապես բարեգործական ծրագրերի է մասնակցում: «Եթե գեղեցիկ չլինեի, հավանաբար այստեղ չէի լինի. ցավալի է դա ասելը, բայց սա է իրականությունը: Ես «Կարմիր խաչի» հետ նույնպես աշխատում եմ արդեն 15 տարի, և շատերին չեն գրավում այդ նվիրատվություններն ու բարեգործությունները: Երբ մենք ճանաչում ենք ունենում` մեզ ավելի հեշտությամբ են տալիս բարեգործական օգնություն, դրա համար էլ ես միշտ ներգրավված եմ եղել մարդասիրական գործունեություններում»,- ասում է Ադրիանա Կարեմբոն:

Adriana (4) Adriana (5) Adriana (6)

«Ֆոնեթոն» հեռախոսամարաթոնը տեղի է ունենում Ֆրանսիայի գլխավոր քաղաքներում` Մարսել, Լիոն և Փարիզ, մասնակցում են մոտ 800 կամավորներ, ովքեր պետք է փորձեն համոզել հայերին և Ֆրանսիացիներին` աջակցել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և ոտքի կանգնեցնել երկիրը: «Ֆոնեթոնի» նպատակն է` հավաքված գումարի շնորհիվ Հայաստանում իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր: Ի դեպ, նախորդ ֆոնեթոնի շնորհիվ Տավուշի մարզում կառուցվեց ֆերմա, որին նվիրաբերեցին Անգլիայից բերված կովեր, որոնց թիվն այժմ 110-ից ավելի է: Ֆերմային կից կառուցվել է նաև պանրի գործարան և ջրագիծ, որն անցկացվել է մինչև Ադրբեջանի սահմանը:

Adriana (3)

Adriana (8)

Այս անգամ գումարի մի մասն ուղղվելու է Ղարաբաղին, որտեղ հատուկ ծրագիր է իրականացվելու. գյուղերում, համայնքային կենտրոններում, բուժկետերում, գրադարաններում պետք է կատարվեն բարեփոխումներ:

Ադրիանան այժմ փորձում է հայերեն սովորել, քանի որ այն կարող է ապահովել իր և հայազգի ամուսնու գաղտնի շփումը: Որոշ բառեր է սովորել, որն իր բառատետրում գրել է և իր մոտ է պահում միշտ, բայց դեռ Հայաստանում արագ խոսքը չի հասկանում: Չորս ու կես տարի է, որ Արամը և Ադրիանան միասին են, նրանք հանդիպել են Արամ Օհանյանի ռեստորանում: «Մի օր Ալեն Դելոնն Ադրիանայի հետ այցելեց ռեստորան, և ես, տեսնելով Ադրիանային, անմիջապես սիրահարվեցի, բայց Ադրիանան` ոչ,- պատմում է Արամը` կատակելով,- Նա ինձ սիրահարվեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ ես հայ եմ»:

Adriana (10)

Adriana (11)

Adriana (7)

Ադրիանա Կարեմբոյի ամուսինը` Արամ Օհանյանը, գործարար է, մինչև 10 տարեկանն ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա: Արամի համար սա յուրահատուկ ճամփորդություն է, քանի որ այս անգամ նա հնարավորություն ունի իր սիրելի Ադրիանայի հետ միասին լինել իր հայրենի հողում և վերհիշել իր արմատները: Արամի հետ Հայաստան են եկել նաև իր քույրը և քրոջ ամուսինը:

Adriana (2)

Adriana (1)

Առաջին ամուսնությունից հետո Ադրիանան փոխել էր իր ազգանունը և դարձել Կարեմբո. այժմ կրկին փոխել է և իր ներկայիս ամուսնու ազգանունն է ընդունել` Օհանյան, պարզապես, հիմա նա Կարեմբո ազգանունով է հռչակ ձեռք բերել և ավելի շատ օգտագործում է իր նախկին ազգանունը, չնայած շատ հաճախ ասում է, որ իրեն այժմյան հայկական ազգանունով դիմեն, կամ էլ «Ադրիանա ջան»` ինչպես ինքն է սիրում:

Adriana (9)

Լուսանկարները` հեղինակի և «Ֆոտոլուրի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս