Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի «զադնի դնելու», եռյակի՝ իշխանափոխության պահանջի մասին. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Պարոն Շարմազանով, հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու խորհրդարանական ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը: Եռյակն իշխանափոխություն է պահանջում, պատրա՞ստ եք զիջել:
-Իհարկե ոչ: Իշխանությամբ մեզ օժտել է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, եւ մենք շարունակելու ենք պատասխանատվությամբ իրականացնել մեր վրա դրված պարտականությունները: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա դա ՀՀ ստեղծումից մի քանի ամիս անց, պարբերաբար ընդդիմադիր դաշտի տարբեր խաղացողներ մշտապես հայտարարել են, եւ այդ իմաստով պետք չէ դրանից զարմանալ: Ավելին, ամենաառանցքային ուժերից մեկի ղեկավարը դրա մասին չի խոսել:
-Նկատի ունեք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞ն:
-Նկատի ունեմ նրան, ով որ չխոսեց:
-Ինքը խոսելու է հոկտեմբերի 24-ին:
-Կխոսի, կտեսնենք:
-Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ ակնարկել է նախագահ դառնալու իր մտադրության մասին:
-Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում:
-Պարոն Շարմազանով, այնուամենայնիվ եռյակի կողմից հնչում են տարբեր քննադատություններ, որքանո՞վ եք դրանց հետ համակարծիք:
-Տարբեր բաներ են հնչում, Դուք կոնկրետ ինձ ասեք՝ ասեմ:
-Օրինակ մեղադրում են այս իշխանություններին արտագաղթի…
-Ընդդիմության գործը քննադատելն է, իշխանության գործը աշխատելն է: Ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր կառուցողական են քննադատում, ինչպես նաեւ սրտացավությունից ելնելով առաջարկներ են ներկայացնում, կան քաղաքական գործիչներ, ովքեր այլեւս երկար ժամանակ քաղաքական թոշակառու են կամ լուսանցքում են հայտնվել եւ դարձել են մեկ այլ քաղաքական ուժի վերջին վագոն: Ընդդիմությունը մեզ մոտ միատարր չէ, այդ թվում նաեւ եռյակը, հետեւաբար կարծում եմ, որ դեռեւս իրենք էլ չգիտեն ինչ են ուզում, ինչպիսի օրակարգ ունեն: Երբ որ պատրաստ լինի նրանց օրակարգը, եւ գոնե մենք տեսնենք, որ նրանք ունեն միասնական օրակարգ, միգուցե այն ժամանակ արձագանքենք, որովհետեւ գոնե հոկտեմբերի 10-ին եռյակի առաջնորդներից մեկը չխոսեց, մեկը խոսեց, բայց հետո չլսեցին նրան, մյուսն էլ խոսեց, բայց ավելի լավ է չխոսեր:
-Իսկ ինչու՞ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր վերջնական տեսակետը որոշեց հայտնել հաջորդ տարի: Սա շատերի գնահատմամբ նահանջ էր:
-Ի՞նչ է նշանակում նահանջեց: Եթե ընդդիմությունը գտնում է, կամ մարգինալ ուժերը գտնում են, որ նախագահը սահմանադրական բարեփոխումների նման կարեւորագույն փաստաթուղթը պետք է ոտքի վրա ստորագրեր, միգուցե իրենց կառավարման շրջանում այդպես է ընդունված եղել, իրենք եթե լինեն առողջ եւ արդար գործիչներ, նրանք պետք է ընդամենը գոհունակություն հայտնեին, որ ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների նման կարեւորագույն փաստաթուղթը ոչ թե ոտքի վրա է ստորագրում, այլ հնարավորություն է տալիս բոլոր քաղաքական ուժերին կոնսոլիդացվել, քննարկել, եւ լուրջ քննարկումների արդյունքում նոր կներկայացնի իր կարծիքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: