Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյանի պատասխանը՝ Վահե Էնֆիաջյանին

Ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի պնդման, թե «զարգացած երկրներում ընդունված նորմ է, որ հանցագործության թվի աճը հավասարազոր է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը» և հետևության, որ Հայաստանում հանցագործությունները «սըրընթաց» աճում են՝ պայմանավորված սոցիալական ծանր վիճակով, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ զարգացած երկրներում նման նորմ գոյությունն չունի: Հանցավորության աճ է արձանագրվում թե՛ կայուն տնտեսական աճ, թե՛ սոցիալական ապահովության բարձր աստիճան ունեցող երկրներում: Օրինակ, եվրոպական այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին Շվեդիան է, վերջին 10 տարիների ընթացքում հանցավորության քանակական աճը մշտապես զարգացման միտում է ցուցաբերում՝ 15 տոկոս, ընդ որում, բռնի հանցավորությունը գրանցել է 50 տոկոս աճ:

Ինչ վերաբերում է մեր երկրում հանցագործությունների թվաքանակի աճին, ապա դա պատճառական կապ չունի սոցիալական պայմանների հետ և պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան բացառելու՝ ոստիկանության ղեկավարության վերջին տարիների սկզբունքային մոտեցմամբ: Ի դեպ, վիճակագրությունը փաստում է այդ աճի նվազման կայուն միտում /2013 թ. գրանցվել է 15 տոկոսի, 2014 թ. 9 ամիսներին՝ 2,2 տոկոսի աճ/, ինչը վկայում է, որ բարեփոխումներն այդ ուղղությամբ արդյունավետ են, և ունենք հանցավորության օբյեկտիվ պատկերը տեսնելու և դրա դեմ համարժեք միջոցներ ձեռնարկելու իրական հնարավորություն:

Վերջում՝ մի բարի խորհուրդ. խնդրո առարկա ոլորտը խիստ մասնագիտական է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս