Գալուստ Սահակյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նկրտումները
Իշխանափոխության գործընթաց դեռևս չի սկսվել, որովհետև երեք քաղաքական ուժերն ընդհանարպես տարբեր մեկնաբանություններ ունեն և՛ ներքաղաքական կյանքի, և՛ սկզբունքների առումով: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտարարություններ անել: Էս տասը տարի է` հայտարարություններ են անում, ի՞նչ»,- ասաց Գ.Սահակյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե իրենք չեն զիջելու:
Գ.Սահակյանը ողջունեց եռյակի հանրահավաքը՝ ընդունելով, որ հասարակության մեջ կան խնդիրներ: Սակայն, ըստ Սահակյանի, հանրահավաքը բոլորովին էլ մարդաշատ չէր ու եթե եռյակը խոսում էր 100 հազարանոց հանրահավաքի մասին, ապա առնվազն 3 անգամ ավելի մարդ պետք է լիներ հրապարակում:
ԱԺ նախագահը նաև ողջունեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ նախագահ դառնալու նկրտումները. «Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, կա՛մ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավելի շատ գիտությունը զարգանա, դա է հզորությունը»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական ասստիճանների վերաբերյալ Գ.Սահակյանը նշեց, որ պետք է գիտական թեզ պաշտպանել, նոր դառնալ գիտնական: Անդրադառնալով սեփական փորձին՝ ԱԺ նախագահը հայտնեց, որ գիտնական դառնալու հնարավարություն միշտ ունեցել է, բայց մարդը պետք է զբաղվի մի գործով, լինի կա՛մ գիտնական, կա՛մ քաղաքական գործիչ: