«Եվրոպա» հյուրանոցը որակավորման կարգի սխալ նշաններ է կիրառել
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է «Միջազգային բիզնես կենտրոն ՀՋ» ՓԲԸ-ին պատկանող «Եվրոպա» հյուրանոցի նկատմամբ վարչական վարույթ հարուցել՝ հյուրանոցի գովազդում (կայքէջերում, «Армения Туристическая» ամսագրում) հյուրանոցին չհամապատասխանող որակավորման կարգի նշաններ կիրառելու համար։
Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, մի քանի ամիս առաջ էր սխալը հայտնաբերվել, որից հետո հյուրանոցի ղեկավարությանն առաջարկել են շտկել դա, սակայն սխալը չի շտկվել մինչեւ վերջերս։
Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ նման ուսումնասիրության են ենթարկվել հանրապետությունում գործող մյուս հյուրանոցները, որոնց մասով նման սխալներ չեն արձանագրվել։