Բաժիններ՝

ՀՀ ԳԱԱ-ն գիտության, կրթության ու մշակույթի ականավոր գործիչ Վարդան Գրիգորյանին պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը գիտության, կրթության ու մշակույթի ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ անդամ Վարդան Գրիգորյանին պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով: Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 17-ին` Վարդան Գրիգորյանի հետ գիտնականների հանդիպման ժամանակ:

«Ես գտնում եմ, որ պարոն Գրիգորյանը աշխարհի ամենահռչակավոր հայն է: Մշակույթի, գրականության, գիտության ասպարեզում հազիվ թե լինի մի անկյուն աշխարհում, որ Վարդան Գրիգորյանին չիմանան»,- իր խոսքում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Ինձ համար շատ պատմական կենտրոն է այստեղ, որոհետեւ մեր ժողովուրդը ես միշտ համեմատել եմ Ճապոնիայի եւ Սինգապուրի հետ: Ճապոնիան չունի որեւէ հանքային կամ այլ նյութ, բայց ունի մտքի ուժը: Մեր երկրի մեջ որ պիտի ֆինանսավորվի, դուք եք, մեր համալսարաններն են: Առանց ձեզի, առանց մտքի առաջադրման ոչ մեկ բան չէր լինի Հայաստանի մեջ, եւ դրա համար ինձի դժբախտություն է, որ Երեւանի պետական համալսարանին, մեր գրադարանին, եւ ձեզ եւ այլն, շատ քիչ բյուջե է տրված, սիմվոլիկ է: Որոշ երկրների մեջ ակադեմիան առաջինն է, համալսարանները երկրորդը, նրանցից ավելի` տարրական դպրոցները, մեր մեկ փրկողը, մեր ապագան մեր կրթության մեջ է»,- իր ելույթում մասնավորապես ասաց Վարդան Գրիգորյանը:

Վարդան Գրիգորյանը ծնվել է Թավրիզում 1934թ-ի ապրիլի 8-ին: 1956թ-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ավարտել է ԱՄՆ-ի Ստենդֆորդի համալսարանը, որտեղ եւ ստացել է պատմության եւ հումանիտար գիտությունների դոկտորի, պրոֆեսորի կոչում: 1981-1989թթ. Գրիգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահի պաշտոնը: 1988թ-ին նա դարձել է Բրաունի համալսարանի նախագահ: 1997թ-ին նա ընտրվել է Կարնեգի բարեգործական կորպորացիայի պրեզիդենտ:

Վարդան Գրիգորյանն արժանացել է ԱՄՆ-ի ամենաբարձր քաղաքացիական պարգեւի` նախագահական Ազատության մեդալի, պարգեւատրվել է Ազգային հումանիտար մեդալով, Էլլիս կղզիների պատվո շքանշանով, արվեստի ոլորտում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամերիկյան ակադեմիայի եւ արվեստի ինստիտուտի ոսկե մեդալի:

Նա ԱՄՆ-ի Սպիտակ տան կրթաթոշակների գծով նախագահական հանձնաժողովի անդամ է, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, Գիտությունների և արվեստների եվրոպական ակադեմիայի, Նյու Յորքի բժշկական ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ է, Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր: 2013թ-ից Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս